Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իբրեւ ուզուրպացիա իր իրաւունքների, շատ վտանգաւոր թուրքահայ դատի համար. մեծ յուզում առաջ բերեց ու աղմուկ ու բողոք, նորից ու ուժգնօրէն բորբոքեց ռուսահայ-թուրքահայ անմիտ խնդիրը․ կուսակցական մի նոր ոտնձգութիւն նկատւեց եւ աւելի եւս զինեց Հ. Յ. Դաշնակցութեան դէմ լիբերալ-բուրժուական տարրերը թէ՛ Հանրապետութեան ներսում եւ թէ՛ մանաւանդ դրսում, գաղութներում:


Բողոքողների կասկածներն ու վախերը միանգամայն անհիմն էին, ուզուրպացիայի դիտաւորութիւն չկար (ու չէր էլ կարող լինել ըստ էութեան), չկար կուսակցական դաւադրութիւն, իսկ յետագան ցոյց տւեց որ չկար նաեւ որեւէ վտանգ թուրքահայ դատի համար․ այդ դատի ընթացքին ու ելքին վրայ մազաչափ անգամ չանդրադարձաւ մայիսեան յայտարարութիւնը, նրա լինելը կամ չլինելը ոչ ոք չնկատեց, ոչ ոք հաշւի չառաւ:


Նոյն յետագան ցոյց տւեց, սակայն, որ անհիմն է եղել նաեւ յայտարարութեան հեղինակների յոյսը, թէ այդ միջոցով աւելի ամրացրած կլինեն Հայաստանի քաղաքական դրութիւնը ու հեշտացրած՝ դիւանագիտական աշխատանքը Եւրոպայում։ Դրութիւնը Եւրոպայի աչքում մնաց նոյնը. մեր խորհրդարանի սոսկ յայտարարութիւնը, մի բառային ակտ՝ առանց համապատասխան գործողութիւնների, չէր կարող վերացնել կամ նսեմացնել փաստերի ոյժը:


Այն անմիջական հետեւանքը, որ կարելի էր սպասել յայտարարութխնը անելուց յետոյ — Պարիզի Ազգային Պատւիրակութեան վերացումը — այն եւս տեղի չունեցաւ. Մայիսի 28-ից յետոյ էլ մնացին Եւրոպայում՝ կողք կողքի՝ երկու տարբեր դիւանագիտական ներկայացուցչութիւններ (Հանրապետութեան պատւիրակութիւնը եւ Ազգային պատւիրակութիւնը), որոնք կոչում ունէին պաշտպանելու միեւնոյն դատը, միեւնոյն տեղերում, միեւնոյն մարդկանց առջեւ: Տարբերութիւնը այն եղաւ միայն, որ էլ աւելի դժվարացաւ համաձայնութեան բերել իրաւասութեան համար պայքարող այդ երկու մարմինները, ընդհանուր ճակատ պահել Եվրոպայի հանդէպ: Իսկ երկրի ներսը աւելի եւս դժարացաւ կօալիցիօնը լիբերալ տարրերի հետ ու մեր կուսակցութիւնը մնաց աւելի եւս մեկուսացած:


Միանգամայն հասկանալի է այն հոգեբանական պահանջը, որ մղեց մեզ Հայաստանը «միացեալ» յայտարարելու․ հասկանալի են եւ այն քաղաքական նկատումները, որոնք արդարացնում էին — այն օրերի ըմբռնումներով — յայտարարութեան գործը։ Բայց փաստը այն է, որ յայտարարութիւնը ոչ մի դրական հետեւանք չունեցաւ, իսկ բացասական՝ ունեցաւ (ներքին անհամաձայնութիւնների ու վէճերի բորբոքում):


24. 1919 թ. օգոստոսի 1-ին բացւեց Հայաստանի պարլամենտը, որ եկաւ փոխարինելու նախկին Խորհրդարանը:


Պարլամենտական ընտրութիւնները կատարւել էին ամենալայն