Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խորհրդային իշխանութիւնը, — ոչ, պարտութիւնը կանխորոշւած էր ու անխուսափելի (մանաւանդ Վրաստանի անկումից յետոյ): Մենք կարող էինք կոտորել Հայաստանում եղած բոլոր բօլշեւիկներին (եւ դժար բան չէր դա, եթէ ապստամբութիւնը մի քիչ կազմակերպւած լինէր)․ բայց այնտեղ էր Ռուսաստանն իր կարմիր բանակով, եւ հայ գիւղացիութիւնը չէր — ոչ էլ Հ. Յ. Դաշնակցութիւնը — որ պիտի դիմադրէին նրանց: Ուզում եմ ասել միայն, որ ապստամբութիւնը իր իսկ ներսը կրում էր արդէն պարտութեան սաղմը, որովհետեւ հաւատ չունէր յաջողութեան:


34. Ապրիլի 2ին երբ բօլչեւիկները հասել էին արդէն Քանաքեռ ու բռնել մայրաքաղաքի վրայ տիրող բարձրութիւնները՝ դատարկեցինք Երեւանը ու Բաշ-Գառնիի վրայով անցանք Դար-Ալագեազ:


Ապսաամբների, կուսակցականների ու մարտիկների հետ էր նաեւ մի ահագին ամբոխ — հազարներով ու հազարներով ահաբեկւած մարդիկ, որոնք հաշիւ չէին տալիս իրանց, թէ ո՞ւր են գնում եւ ինչի՞ համար գնում:


Անխուսափելի պարտութիւնը կատարւած փաստ էր արդէն: Այն, ինչ որ տեղի ունեցաւ յետագայ երկու - երեք ամիսների ընթացքում Դար-Ալագեազի ու Զանգեզուրի մէջ՝ պայքար չէր այլեւս, այլ հոգեվարք:


Երեւանի անկումից յետոյ, Լեռնահայաստանի խորհրդացումը՝ օրերի խնդիր էր միայն եւ մեր ներկայութիւնը թերեւս արագացրեց — ասում եմ որոշ վերապահումներով — իրերի բնական ընթացքը:


Մենք կարծում էինք թէ՝ անցնելով Լեռնահայաստան՝ կուժեղացնենք տեղացիներին, մի բան կաւելացնենք նրանց դիմադրական կարողութեան վրայ: Հաշւի չէինք առել, որ պարտւած, կագմալուծւած ու նահանջի ճամբան բռնած խումբերը — եւ մանաւանդ սարսափահար ամբոխը կարող են առաջ բերել միայն լքում ու յուսահատութիւն:


Տեղացիները խէթ աչքով նայեցին մեզ, անհիւրընկալ եղան. աւելի գոհ կլինէին. եթէ ամենեւին եկած չլինէինք, մանաւանդ որ ուտում էինք իրանց վերջի պատառ հացը:


Ակամայից շփօթ էինք մտցրել տեղական կեանքի մէջ:


Ծագել էր մի խուք հակառակութիւն՝ եկւոր ու տեղական իշխանութիւնների միջեւ։ Կազմւում էին, լուծւում, նորից կազմւում ու իրար փոխարինում զանազան անուններ կրող մարմիններ, որոնցից ոչ մէկն էլ իրական իշխանութիւն չէր ներկայացնում:


Մարտական թափը հալչում էր ու պակասում օր օրի վրայ: Եկւոր զինւորների մի մասը, անօթի ու դժգոհ տեղացիներից, տուն վերադառնալու մասին էր մտածում միայն․ տաճկահայ խմբերը (զինւած ու անզէն) ձգտում էին օր առաջ Արաքսի ափը հասնել ու Պարսկաստան անցնել: Տեղացիները տեսնում էին զօրքերի քայքայւած վիճակը, տիրող անիշխանութիւնը ու կասկածում էին իրանց կատարեալ անզօրութեանը վրայ՝ շեմքի վրայ կանգնած բօլշեւիկների հանդէպ: