Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամռան վերջերին դատարկեցինք Զանգեզուրը, Ռամկավար Հանրապետութեան վերջի կայանը:


Հայաստանը խորհրդայնացաւ ամբողջովին:


35. Ո՞րն էր անկախաթեան շրջանում կատարած մեր դիւանագիտական աշխատանքը դրսի աշխարհում (Պոլսում, Եւրոպայում ու Ամերիկայում) եւ ի՞նչ արդիւնք էր տւել այն:


Որովհետեւ այս պատմական ամփոփումը — հակառակ իմ ցանկութեան — երկարացաւ չափից աւելի, կբաւականանամ յիշատակելով երկու ծայրերը միայն — սկիզբն ու վերջը:


1919 թ. գարնան, Պարիզում, Հանրապետութեան պատւիրակութիւնը, Ազգային պատւիրակութեան հետ միասին, ներկայացրեց դաշնակից մեծ պետութիւններին մի յուշագիր՝ մեր պահանջները Խաղաղութեան Համաժողովից:


Ըստ այդ յուշագրի, հայ պետութեան սահմանների մէջ պիտի առնւէին.


ա) Անդրկովկասեան Հանրապետութիւնը ընդլայնացրած սահմաններով (Երեւանեան նահանգը ամբողջովին, Ղարսի շրջանը առանց Արդահանի հիւսիսային մասի, Թիֆլիսի նահանգի հարաւային կէսը, Գանձակ նահանգի հարաւ-արեւմտեան մասը):


բ) Թիւրքահայաստանի եօթը վիլայէթները (Վան, Բաղէշ, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, Կարին ու Տրաբիզոն, դուրս ձգելով միայն Դիարբէքիրի հարաւային ու Սեբաստիայի արեւմտեան շրջանները):


գ) Կիլիկիայի չորս սանջակները (Մարաշ, Սիս, Ճէպէլ-Բերեքէթ ու Ատանա՝ Ալեքսանդրետով):


Ծրագրւում էր ու պահանջւում մի լայնատարած պետութիւն, մի մեծ Հայաստան՝ Սեւ ծովից մինչեւ Միջերկրականը, Ղարաբաղի լեռներից մինչեւ արաբական անապատները:


Ո՞րտեղից ծնունդ առաւ աշխարհակալական այդ ապշեցուցիչ պահանջը:


Ոչ Հայաստանի կառավարութիւնը, ոչ էլ պետական կեանքին ուղղութին տւող կուսակցութիւնը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ մտքով անգամ չէին անցկացրել այդպիսի մի ցնորամիտ, տղայական ծրագիր: Ընդհակառակը, մեր պատւիրակութիւնը՝ իրբեւ հրահանգ՝ տարել էր Երեւանից շատ համեստ պահանջներ, համապատասխան մեր շատ համեստ կարողութիւնների:


Ինչպէս պատահեց, ուրեմն, որ պատւիրակութիւնը ստորագրեց ու ներկայացրեց «ծովից ծով» պահանջը:


Տարօրինակ ու միանգամայն անհաւատալի կթւի, բայց փաստը այն է, որ հայկական Պարիզը որոշեց այդ եւ մեր Պատւիրակութիւնը պարզապէս տարւեց գաղութներում տիրող հոսանքով, ենթարկւեց դրսի