Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազդեցութիւններին ու թոյլ տւեց ահաբեկելու իրան — մի բան, որ այնքան ծանօթ է մեզ:


Պատւիրակութեանն ասել էին, որ եթէ չպահանջի այդ հրապուրիչ սահմանները, թուրքահայերը (յանձինս Ազգային պատվիրակութեան) կանջատեն իրանց դատը «Արարատեան» հանրապէտութեան դատից ու մեզանից անկախ դիմում կանեն պետութիւններին: Ապա ասել էին փոքր Հայաստանի մանդատը Ամերիկան յանձն չի առնի, իսկ «ծովից-ծովինը» կառնի: Եւ որովհետեւ մեր դատը Պետութիւնների առաջ պաշտպանելու համար շատ վտանգաւոր կլինէր երկու տարբեր, իրար հետ պայքարող մարմինների ու երկու տարբեր, իրար հակասող սահմանային պահանջների գոյութիւնը, ապա որովհետեւ ամերիկեան մանդատը՝ մեր մեծագոյն ցանկութիւնն էր ու լաւագոյն յոյսը — ուստի Պատւիրակութիւնը՝ հակառակ ստացած հրահանգների՝ դրեց իր ստորագրութիւնը ու ներկայացրեց յուշագիրը: Իսկ Հայաստանի կառավարութիւնը՝ իր անունից ներկայացւած պահանջի մասին՝ տեղեկութիւն ստացաւ երկու թէ երեք շարաթ յետոյ միայն:


Կրկնում եմ դարձեալ: Մեր պատւիրակութիւնը մեղադրելու համար չէ, որ արձանագրում եմ այս դէպքը եւ ոչ էլ ուզում եմ ասել, թէ եթէ այն ժամանակ չափաւորած լինէինք մեր պահանջները, յետագայում տարբեր արդիւնք պիտի ստանայինք: Ոչ, ուզում եմ միայն յիշեցնել մի անգամ եւս, թէ ինչպէս՝ ամենից հիմնական, ամենից մեծարժէք ու ամենից պատասխանատու խնդիրներում իսկ՝ մենք չենք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել գործերը ըստ մեր հասկացողութեան, չենք գնացել մեր սեփական ճամփով, այդ թոյլ ենք տւել, որ ուրիշները տանեն մեզ իրանց ետեւից, ուր կամենան:


Պարիզի յուշագիրը շատ ոգեւորեց խակ մտքերը, մանաւանդ գաղութներում: Այնպիսի մի մտայնութիւն էր ստեղծւել, որ կարծես գծելով թղթի վրայ պետութեան սահմանները, արդէն տէր ենք դառել այդ սահմաններին կամ՝ առնւազը՝ անխախտելի իրաւունքներ ենք ձեռք բերել: Այնուհետեւ ամէն մի կասկած յաջողելու մասին թարգմանւում էր իբրև փոքրհոգութիւն, չափաւոր լինելու ամէն մի տրամադրութիւն՝ իբրեւ դաւաճանութիւն եւ ամէն մի հակառակութիւն դրսից՝ իբրեւ թշնամութիւն հանդէպ մեր դատի ու իրաւունքների:


Անիմաստ պահանջներին ու չափազանցրած պահանջներին բնականօրէն պիտի հետեւէր դառն հիասթափում:


Սեւրի դաշնագիրը, որ չէր յիշատակում ոչ Կիլիկիա, ոչ Խարբերդ ու ոչ Սվազ (բայց նախատեսնում էր այնպիսի լայն սահմաններ, որոնք թերեւս վեր էին մեր կարողութիւններից) — արդէն այդ իսկ դաշնագիրը առաջ բերեց հիասթափում ու սովորական գանգատներ: Ասում էինք Պետութիւնները անարդար եղան, չգնահատեցին ու չվարձատրեցին մեզ ըստ մեր արժանիքների, կրճատեցին մեր անվիճելի իրաւունքները, զրկեցին...