Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քիչ անցած՝ նոր ու շատ մեծ հիասթափում. Հիւսիս-Ամերիկեան Միացեալ նահանգների Սենատը մերժեց կտրականօրէն ստանձնել Հայաստանի մանդատը, — այն իսկ մանդատը, որի վրայ այնքան յոյսեր էինք դրել մենք:


Նախագահ Ուիլսօնի ծրագրած Հայաստանի սահմանները նոյնպէս չբաւարարեցրին մեզ, նոր գանգատների տեղ տւին: Ասում էինք․ նախագահ Ուիլսօնը կարող էր աւելի լրիւ օգտագործել Սեւրի դաշնագիրը ու աւելի մեծ հողեր յատկացնել մեզ:


Բայց եւ այդ նեղ համարւած սահմանները — մի տեսակ կապոյտ թռչուն եղան մեզ համար, անշօշափելի ու անհասանելի:


Թուրքերը չէին ուզում ճանաչել ո՛չ Ուիլսօնի վճիռը, ո՛չ մեր գանգատները, ո՛չ Սեւրի դաշնագիրը: Փոխանակ դատարկելու հայկական հողերը, նրանք եռանդօրէն զինւում էին ու ամրացնում դիրքերը․ իսկ դաշնակից պետութիւնները ոչ մի տրամադրութիւն չէին ցոյց տալիս՝ զէնքի ոյժով ի կարգ հրաւիրելու անհնազանդ անդօրացիներին. դեռ հակառակը՝ սիրային ֆլիրտ էին սկսել միլլիականների հետ... դաշնակիցները մոռանում էին, կարծես, որ մենք մնացել ենք անբաւարարւած ու իրանց սեփական գորկծերն էին կարգադրում:


(Յաճախ ասում եմ «մենք», «մեր» առանց ճշտելու դերանունը, որովհետեւ շատ դէպքերում չեմ տարբերում կուսակցութիւնը ժողովրդական զանգւածներից․ նոյն հոգեբանութիւնը, նոյն անհեռատեսութիւնը, նոյն անգիտակցութիւնը իրականութեան, քաղաքական նոյն տհասութիւնը):


1922 թւականին սկսւեց թիւրքահայ դատի հոգեվարքը:


Լոնդոնի կոնֆերանսում առաջի անգամ, պաշտօնապէս արտասանւեց ու արձանագրւեց Ноme բառը։ Սեւրի դաշնագիրը մոռացւել էր հիմնովին: Այլեւս խօսքը անկախ Հայ պետութեան մասին չէր, ոչ իսկ ինքնավար նահանգների, այլ ինչ որ ազգային Home-ի — մի կասկածելի օջախի ուրիշի տան մէջ:


Բայց — ասում էին — սա վերջին զիջումն է, որ արւում է՝ խաղաղութեան սիրոյն համար՝ յամառող Անդօրային: Home-ի պահանջը պարտադիր պիտի լինի Թիւրքիայի համար ու ինքը Нome-ը՝ անկախ թուրք իշխանութիւնից:


Այսպէս էր տրւած հարցը Մարտ ամսին:


Տարւայ վերջը, Լոզանում, գործը մի քիչ տարբեր ընթացք առաւ. Home չառաջադրւեց իբրեւ պահանջ, այլ ներկայացրւեց թուրքերի բարեհաճութեան իբրեւ բարեկամական խորհուրդ ու խոնարհ խնդիր: Տեղի ունեցաւ մի օպերետային դիալօգ։ Թուրքերը՝ միշտ քաղաքավարի ու սիրալիր՝ շատ ցաւեցին, որ պիտի մերժեն բարեկամական խորհուրդը ու առաւել եւս՝ որ հարկադրւած են չյարգելու խնդիրը: Դաշնակից մեծ պետութիւնները մի յուսահատական ժեստ արին. մենք սպառեցինք մեր բոլոր միջոցները, ասինք, արինք ամէն հնարինն ու անհնարինը, այլեւս