Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչինչ չենք կարող անել խեղճ հայերի համար... ու անցան կուպօնների խնդրին:


Բայց այստեղ հանդէս եկաւ ընկ. Չիչերինը ու Խորհրդային Ռուսաստանի անունից մեծահոգաբար առաջարկեց տեղ տալ թուրքահայութեան մնացորդներին Ղրիմում, Վոլգայի ափերին ու Սիբիրում:


Պետութիւնը վերածվեց Home-ի, Home-ը վերածւեց գաղութների... Սիբիրում։ Սարը մուկ ծնեց — ո՛չ, սարը երկնեց՝ անասելի տանջանքների մէջ, ցնցւեց հիմքերից, պատառ պատառ եղաւ, արեան հեղեղներ հոսեցրեց արգանդից ու ծնեց ոչինչ, ոչ իսկ մի մուկ:


Այս էր անցեալը:


ԵթԷ ուզենանք մի ընդհանուր գնահատում անել մեր կատարած շատ ծանր աշխատանքի ու ձեռք բերած արդիւնքների՝ Հանրապետութեան անկախութիւնը հռչակելուց յետոյ, պէտք է ասենք՝ որ պարծենալու շատ բան չունենք. պէտք է ասենք, որ մեզ վիճակւած բեռը — պետութիւն կազմելու ու պետական կեանքը ղեկավարելու գործը — մեր ոյժերից շատ վեր է եղել:


Անհերքելի ճշմարտութիւն է, որ Հայաստանի դրութիւնր եղել է բացառիկօրէն ծանր ու մեր աշխատանքի պայմանները՝ բացառիկօրէն անբարեյաջող, բայց անհերքելի է եւ այն — անհերքելի է գոնէ ինձ համար ― որ սրա վրայ աւելացել է նաեւ մեր սեփական անկարողութիւնը, պետական գործեր վարելու անձեռնհասութիւնը։


Եթէ ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպէտք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հէնց այդ նախատեսնելու ընդունակութիւնն է, որ չենք ունեցել բնաւ:


Մենք շարունակ սխալւած ենք եղել մեր հաշիւների մէջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսնել:


Մեր ամենամեծ թուլութիւնը այդ է եղել:


Ապա չենք ունեցել որոշ ու յստակ գիտակցութիւն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տեւողական, հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես յանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանւել ենք, պատից-պատ ընկել, կէսկուրօրէն շօշափելով ոտներիս տակի հողը:


Չենք ճանաչել ու յաճախ գերագնահատել ենք մեր կարողութեան չափը, չենք հասկացել դժարութիւնների մեծութիւնը, արհամարհել ենք հակառակ ոյժերը եւ թեթեւամտութետն աստիճանի անփոյթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդէպ:


Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրայեղ զգուշութիւն ու անվճռական այնտեղ, ուր պէտք է կտրուկ լինէինք: