Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջարկին․ մենք հակառակ էինք բաժանման, վախենում էինք բաժանւելուց, ուզում էինք կապւած մնալ Ռուսաստանին: Բայց դա չի նշանակում, թէ ձգտում չունէինք անկախութեան, թէ վասսալական դրութիւնը՝ մեր իդէալն էր:


Հ. Յ. Դաշնակցութիւնը, իմ խորին համոզումով, միշտ եղել է ու միշտ մնացել - գիտակցօրէն թէ անգիտակցօրէն - հայ քաղաքական ազատագրաւման մարտիկը, իսկ այդ ազատագրաւման վերջի կայանը — անկախ պետութիւնն է: Մեր կուսակցութեան էութիւնը, գոյութեան իմաստը, պատմական կոչումը, ոյժն ու արժէքը — այդ է եղել ու միայն այդ: Չի եղել ու չկայ ոչ մի իսկական դաշնակցական — ինչ հովերով էլ տարւած լինի նա, ինչ ֆրազէօլօգիա էլ ունենայ բերանում — որ ներշնչւած չլինի անկախութեան գաղափարով, աւելի ճիշտը՝ լեցւած չլինի անկախութեան բնազդով: Եւ այդ իմաստով մեր կուսակցութեան սահմանները շատ աւելի ընդարձակ են, կուսակցականների թիւը շատ աւելի մեծ է, քան արձանագրւած է կօմիտէական տետրակների մէջ:


Այս միտքը ես երկարօրէն զարգացրել եմ անցեալ գարնան «ճակատամարտի» մէջ եւ այստեղ իրաւունք չեմ համարում կրկնելու: Ուզում եմ ասել միայն, որ Հայաստանի ներկայ քաղաքական վիճակը - իդէալ չէ ու չի կարող լինել Հ.Յ.Դաշնակցութեան համար:

Անշուշտ, մենք ամենաջերմ կողմնակից ենք եղել (ու այսօր էլ ենք) ֆեդերացիայի եւ գիտենք, որ Հայաստանի պէս մի փոքրիկ պետութիւն այլ կերպ չի կարող ապահովել իր գոյութիւնը: Բայց մենք ուզում ենք այնպիսի ֆեդերացիա, որի մէջ դաշնակցող պետութիւնները մտնում են ազատ կամքով ու հաւասար իրաւունքներով: Ռուսաստանի ներկայ ֆեդերացիան այդպես չի կազմւած:


Հայաստանի Հանրապետութիւնը խորհրդային է: Խորհրդային իրաւակարգը տեսականօրէն ենթադրում է՝ մինչեւ դասակարգերի անդառնալի վերացումը՝ պրօլետարիատի դասակարգային դիկտատուրա, իսկ իրականապէս՝ այսօրւայ Հայաստանի իշխանութիւնը կօմմունիստական կուսակցութեան դիկտատուրա է:


Կարո՞ղ է բաւարարել մեզ այդ բնոյթի մի իշխանութիւն:


- Հարկէ, ոչ:


Ճիշտ է, որ մենք ինքներս մի անյաջող փորձ ենք արել՝ մեր սեփական դիկտատուրան հաստատելու: Բայց դիկտատուրան (ոչ կուսակցականը, ոչ դասակարգայինը) դաւանանք չէ մեզ համար: Անվարժ պետական կեանքի ու վարչական աշխատանքի, թունաւորւած իշխանութեան թոյնով, մենք չկարողացանք դիմադրել գայթակղութեան ու սայթաքւեցանք: Բայց արդէն զգացել էինք մեր սխալը ու նահանջելու ճանապարհներ էինք որոնում եւ եթէ ուշացնէինք, պիտի տապալւէինք անխուսափելիօրէն: Որովհետև ոչ միայն մեր կուսակցական դաւանանքը, այլև ազգային կազմը աննպաստ է, հակառակ է որեւէ դիկտատուրայի: Հայաստանում չկայ ոչ մի դաս կամ շերտ, ոչ մի կուսակցութիւն կամ