Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբակցութիւն, որ կարողանայ՝ իր ոյժերով ու իր վրայ յենւած՝ դիկտատուրա հաստատել։ Մեր երկրում կայուն դիկտատուրա կարող է իրականացնել միմիայն դրսի, օտար ոյժը, բայց ոչ երբեք՝ տեղականը: Մեր երկիրը կարծես յատկապես ստեղծւած է դեմօկրատական իրաւակարգի համար եւ պակասում է մի բան միայն՝ քաղաքական դաստիարակութիւն ու պետական կեանքի վարժութիւն: Այդ մեծ պակասը դժարացնում է իսկական ռամկավար կարգեր հաստատելու, բայց չի կարող յենարան դառնալ ներքին դիկտատուրայի համար:


Խորհրդային Դաշնակցութեան, ուրեմն եւ Հայաստանի Հանրապետութեան մէջ սօցիալ-տնտեսական կեանքը վերաշինւում է (կամ փորձ է արւում վերաշինելու) կօմմունիստական սկզբունքներով:


Համարու՞մ ենք մենք հարկաւոր ու օգտակար այդպիսի մի քաղաքականութիւն Հայաստանի համար:


Ոչ, չենք համարում:


Եւ սա միանգամայն անկախ նրանից, թէ մեր կուսակցութեան դաւանած սօցիալիզմը որքան գիտակցւած ու մարսւած է, ո՞րքան համապատասխանում է կուսակցական իրական կազմին ու հաւաքական մտայնութեանը: Ես, որ առանց տատանւելու գրում եմ այդ կտրուկ «ոչ»ը — իմ աշխարհահայեցողութիւնով ես շատոնցւայ ու անուղղելի կօմմունիստ եմ, բայց գիտեմ, որ ոչ միայն կոմմունիստական, այլեւ պարզ սօցիալիստական կարգերը անհանդուրժելի են այսօրւայ Հայաստանի համար:


Հայաստան չի հասունացած սօցիալիզմի համար ու չունի օբյէկտիւ տւեալների այն մինիմումը, որ կարողանար արդարացնել փորձը: Ամէն մի ճիգ այդ ուղղութեամբ կանխօրէն դատապարտւած է ան յաջողութեան ու յանցանք է՝ յատկապէս հայ աշխատաւորութեան հանդէպ:


Այս խնդրի մասին էլ ընդարձակօրէն գրել եմ անցեալ տարի նոյն «ճակատամարտի» մէջ: Բաւականանում եմ այս մի քանի կարճ տողերով միայն, վստահ լինելով որ այս կէտում տարաձայնութիւն չկայ մեր մէջ:


Այսպիաով՝ Խորհրդային Հայաստանի ո՛չ քաղաքական վիճակը, ո՛չ վարչաձեւը, ո՛չ էլ ներքին սօցիալ-տնտեսական քաղաքականութիւնը չեն կարող բաւարարել մեզ․ մենք ուրիչ բան ենք ուզում, քան այսօրւայ Հանրապետութիւնը:


Ուրեմն ի՞նչ դիրք պիտի բռնենք այդ Հանրապետութեան, նրա ռեժիմի ու կառավարութեան հանդէպ:


Պարզ ու կարճ պատասխանն է․ Պիտի պայքարենք:


Բայց կարճ ու պարզ պատասխանները յաճախ սխալ են լինում, երբ հարցը վերաբերւում է բարդ երեւոյթների ու կնճռւած