Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք որոշ արժէք․ բայց ո՞ր քաղաքական կուսակցութիւնը կամ ո՞ր կառավարութիւնը շեղւել է իր քաղաքական գծից ու դաշնակցել հակառակորդի հետ՝ մի քանի հարիւր քաղաքացիներ շահելու համար...


Յամենայն դէպս — իրաւացի թէ անիրաւացի, խելքի շատութիւնից թէ խելքի պակասութիւնից — փաստն այն է, որ բօլշեւիկները չեն ուզում ճանաչել մեր կարեւորութիւնը, չեն որոնում ու չեն ընդունում մեր գորեակցութիւնը:


Փորձեր արել ենք արդէն ու մերժում ենք ստացել: Նորից փորձել՝ ոչ միայն պարապ ու ապարդիւն, այլ եւ անվայել բան կլինէր: Պարապ ու ապարդիւն, որովհետեւ եթէ մէկ կամ երկու տարի առաջ պէտք չենք եղել բօլշեւիկներին, այսօր է՛լ աւելի պէտք չենք. անվայել, որովհետեւ կայ արժանապատւութեան մի սահման, որից չի կարող անցնել կուսակցութիւնը եւ մուրացիկի դեր ստանձնել:


Մնում է իլլեգալ, գաղտնի, դաւադրական կամ — աւելի լայն չափերով — յեղափոխական աշխատանք:


ՉԷ՞ որ մենք հալածւած էինք նաեւ Ցարական ու Սուլթանական կառավարութիւններից: Այժմ չե՞նք կարող անել խորհրդային Հայաստանում նոյնը, ինչ անում էինք տարիներ շարունակ Տաճկահայաստանում:


Կարող ենք, իհարկէ:


Կարող ենք մի բուն դնել պարսկական Ղարադաղում (ինչպէս մի ժամանակ բուն էինք դրել Սալմաստի մէջ) ու այստեղից զէնք ու մարդ անցկացնել Արաքսի միւս ափը: Կարող ենք գաղտնի կապեր հաստատել ու զինւած խմբեր պահել Սիւնիքի կամ Դարալագեազի լեռներում, ինչպէս պահում էինք Սասունի լեռներում կամ Շատախի ձորերում: Կարող ենք դժարամատչելի վայրերում ապստամբեցնել մի քանի գիւղ, դուրս քշել կամ կոտորել այնտեղի կօմմունիստներին: Ապա կարող ենք աղմկալի ցոյցեր անել Երեւանի իսկ մէջ — օրինակ գրաւել մի քանի ժամով որեւէ պետական հիմնարկութիւն, ինչպէս մի ժամանակ գրաւեցինք Օսմանեան բանկը․ կարող ենք պայթեցնել այս կամ այն շէնքը․ կարող ենք կազմակերպել ու կատարել անհատական սպանութիւններ, կոտորել մի քանի բօլշեւիկ, ինչպէս կոտորել ենք սուլթանական ու ցարական պաշտօնեաներին․ կարող ենք ռումբ պայթեցնել Մեասնիկեանի կամ Լուկաշինի — կամ չգիտեմ ո՛ւմ — ոտների տակ, ինչպէս Եըլդիզ-քէօշքում պայթեցրել ենք սուլթան Աբդուլ Համիդի ոտների տակ...


Այդ բոլորը կարող ենք անել, — կարծում եմ թէ կարող ենք անել:


Հարց է ծագում միայն, թէ ի՞նչ յոյսերով կամ ի՞նչ նպատակով անենք:


Երբ ցոյցեր էինք անում Թիւրքիայում, կարծում էինք թէ այդպիսով կհրաւիրենք մեր իրենք մեր վրայ մեծ պետութիւնների բարեացակամ ուշադրութիւնը ու կհարկադրենք միջամտելու մեր օգտին: Այժմ մենք