Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չըգիտեմ, ինչ է լինելու վաղը (կարծում եմ, թէ շատ էլ չպիտի տարբերւի այսօրւանից) բայց այսօր Ռուսաստանի տէրը բօլշեւիկներն են: Այսօր Ռուսաստանի բարեացակամութիւնն ու պաշապանութիւնը ունենալու համար, Հայաստան ինքը խորհրդային պիտի լինի: Ուրիշ ելք չկայ — ես գոնէ չեմ տեսնում:


Եւ այս մտքով է ահա, որ ասի վերեւում, թէ մենք լօզունզներ ունենք Հայաստանում հակաբօլշեւիկեան գաղտնի պրօպագանդ անելու համար:


Նոյն հարցը, մի քիչ տարբեր ձեւով, դնեմ անցեալի վերաբերմամբ:


Բօլշեւիկների Հայաստան գալը արդեօք դժբաղտութի՞ւն էր մեր երկրի համար:


Հարցը կարող է թւել շատ անսպասելի դաշնակցականի բերանում. մենք վաղուց արդէն տւել ենք մեր պատասխանը եւ բօլշեւիկների օգտին չի եղել այն: Բայց մի անգամ էլ մտածենք ու աշխատենք չտարւել կուսակցական նեղսրտութիւնով:


Կրկնել չեմ ուզում, թէ ո՛ր աստիճանի անհամապատասխան է խորհրդային ռեժիմը Հայաստանի իրական պահանջներին․ այս խնդիրը ինձ համար չի վերցնում ոչ մի վէճ:


Ապա գիտեմ ու շատ լաւ յիշում եմ, թէ ինչե՛ր արին բօլչեւիկները Հայաստանում ― խօսքս այն երկու ու կէս ամսւայ մասին է (Դեկտ. 1920 թ. ֊ Փետրւար 1921 թ), երբ եղել եմ Հայաստանում: Գիտեմ ու յիշում եմ, թէ ո՛րքան մարդիկ են տուժել եւ թէ տուժողների առաջին շարքերում եղել ենք մենք, դաշնակցականներս: Հէնց ե՛ս անհատապէս եւ ձեզանից շատերը — ենթարկւած ենք եղել ամենածանր հալածանքների, տուժել ենք չարաչար:


Նկատեմ անցողակի, որ պէտք չէ մոռանանք այս խիստ կարեւոր հանգամանքը ու զգոյշ պիտի լինենք մեր եզրակացոթիւնների մէջ․ իբրեւ տուժող կողմ, մենք բնականօրէն տրամադրւած ենք միայն վատը տեսնելու եւ այդ վատը չափազանցնելու...


Երբ ես մտաբերում եմ այն դրութիւնը, որի մէջ էինք 1920 թ. Նոյեմբերին, ու ապա հարգ եմ տալիս ինձ. աւելի լա՞ւ կլինէր արդեօք, եթէ բօլշեւիկները այն ժամանակ չմտնէին Հայաստան ու թողնէին երկիրը իր բաղտին, մեր իշխանութեան տակ — պատասխանս բացասական է լինում․ ոչ, աւելի լաւ չէր լինի, աւելի վատ կլինէր:


Արդէն այն ժամանակ էլ հասկանում էինք մեր դրութեան անելանելիութիւնը եւ սա էր պատճառը, որ Հայաստանի դռները լայն բաց արինք բօլշեւիկների առջեւ:


Վերեւում ասի, որ յոյսերը չարդարացան. ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական օգնութիւն չստացանք Ռուսաստանից (խօսքս դարձեալ առաջին շրջանի մասին է): Օրինակ՝ Թիւրքիայի դէմ բօլշեւիկները չպատշտպանեցին Հայաստանը ու իրանց ստորագրութիւնով հաստատեցին