Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր ժամանակ Հայաստան կուրացել էր մթութեան մէջ, արեւը մայր մտնելուց կէս ժամ յետոյ դադարում էր ամէն շարժում ու աշխատանք, որովհետեւ լուսաւորելու նիւթեր չունէինք․ բօլշեւիկները առատ կերօսին բերին Բագւից ու ազատեցին երկիրը խաւարի գերիութիւնից...


Անշուշտ, շատ բան չէ այս ամէնը. բայց չէ՞ որ այդ քիչն էլ մենք չկարողացանք անել:


Բօլշեւիկները պէտք էին ու այսօր էլ պէտք են Հայաստանին:


Բայց եւ այնպէս, բօլշեւիկեան սիստեմը՝ իր ամբողջ էութեամբ՝ անընդունելի է մեզ համար:


Ի՞նչ անենք ուրեմն:


Գուցէ պայքարենք դրսից:


Սա կարող էր ունենալ որոշ արժէք՝ ներսում կատարւող բացայայտ կամ գաղտնի պայքարին ոյժ տալու համար․ իսկ առանց այդ պայմանի, ո՞ւմ կամ ինչի՞ է պէտք մեր դրսի վայնասունը:


Այսօր Եւրոպական քաղաքները լեցուն են ամէն գոյնի ռուս էմիգրանտներով, մեզ պէս կեանքից դուրս ձգւած մարդկանցով (մօնարքիստներից սկսած մինչեւ սօցիալիստ-յեղափոխականները): Սրանք բազմաթիւ թերթեր են հրատարակում, գրքեր են գրում, միտինգներ կազմում, կոչեր անում, բողոքում, սպառնում ու հայհոյում, հայհոյում բօլշեւիկներին...


Ես չգիտեմ մի ուրիշ «գործ», որ այնքան պարապ ու այնքան ողորմելի լինէր, որքան սրանց արածն է:


Այս բառային որոտ-կայծակներո՞վ է արդեօք, որ արտասահմանեան էմիգրանտները պիտի խորտակեն խորհուրդների ոյժը, պայթեցնեն ժող-կօմները, չէ-կաների գլուխը կտրեն...


Սա պայքար չէ, այլ անճարակութեան մի խայտառակ ցուցադրութիւն: Բօլշեւիկի դէմ կռւողը՝ ներսից պիտի զարնի, որպէսզի հարւածը տեղը հասնի․ իսկ պատսպարւել սահմանի ետեւը ու ապահով հեռաւորութիւնից բռունցք ցոյց տալ ― սա մի ժեստ է, որ յամենայն դէպս վայել չէ Հ.Յ.Դաշնակցութեան:


Մեր մէջ կան մարդիկ, որոնք կարծում են թէ՝ մնալով քաղաքականապէս հակառակ բանակում, Հ.Յ.Դաշնակցութիւնը դրսից պիտի օժանդակի Հայաստանի տնտեսական վերաշինութեան:


Ի՞նչպէս:


Պիտի կազմակերպի — համաջակցի կազմակերպելու — զանազան առեւտրական ու արդիւնաբերական ընկերութիւններ, որ ապրանք մտցնեն Հայաստան, այնտեղի հում նիւթը վաճառքի հանեն արտասահմանեան շուկաները, արհեստանոցներ ու գործարաններ հիմնեն երկրում, հողեր ոռոգեն, գիւղատնտեսական մշակոյթի կատա-