Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեր ուշադրութիւնը: Ուստի կրճատում եմ խօսքս ու ներկայացնում եմ ձեզ մի շատ սեղմ, ամփոփ ու չոր տեսութիւն միայն: Թերեւս սա էլ ծանրաբեռնի ժողովը, բայց այլ կերպ չեմ կարող մօտենալ ասելիքիս:

Ուրեմն՝ ի՞նչ աստիճաններ է անցել հայ քաղաքական դատը 1914 թւականից սկսած, ինչպէ՞ս են զարգացել, դասաւորւել ու միմեանց յաջորդել դէպքերը եւ ո՞ւր են բերել մասնաւորապէս՝ ի՞նչ է արել մեր կուսակցութիւնը եւ ի՞նչ ունի անելու սրանից յետոյ:

Երբ կենտրօնանում եմ այս հարցերի վրայ, վերյիշում եմ մօտաւոր անցեալը, զտում եմ էականը ոչ-էականից, անջատում եմ հիմնական գծերը երկրորդական կամ պատահական մանրամասնութիւններից ու դասաւորում եմ անցքերը ժամանակագրական կարգով մտքիս մէջ պատկերանում է հետեւեալը:


1. 1914 թւականի աշնան սկզբներին, երբ Թիւրքիան դեռ չէր մտել պատերազմի մէջ, բայց արդէն պատրաստութիւններ էր անում մտնելու, Անդրկովկասում սկսւեցին կազմակերպւել մեծ եռանդով ու մանաւանդ մեծ աղմուկով հայ կամաւորական խմբեր:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, հակառակ իր ընդհանուր ժողովին, որ հազիւ մի քանի շաբաթ առաջ՝ Էրզրումում բացասական որոշում էր տւել,— գործօն մասնակցութիւն ունեցաւ թէ՛ խմբերի կազմակերպման եւ թէ՛ նրանց ետագայ ռազմական գործողութիւնների մէջ, Թիւրքիայի դէմ:

Այսպիսի մի ծանրակշիռ ու ամենալուրջ հետեւանքներով յղի ձեռնարկութեան մէջ, Հ. Յ. Դաշնակցութեան Անդրկովկասի մարմիններն ու անհատ գործիչները հակառակ գնացին կուսակցութեան գերագոյն մարմնի ընդհանուր ժողովի կամքին:

Ինչո՞ւ:

Ի միջի այլոց (ու մասնաւորապէս) ա՛յն պատճառով, որ վարակւել էին զանգւածային տրամադրութիւններից, տարւել էին տարերային հոսանքով:

Այս օրինակը պարտադրում է յիշելու եւ յիշեցնելու, որ Դաշնակցութիւնը Անդրկովկասի մէջ՝ անցեալներումն էլ եղել է ոչ այնքան հեղինակ ու նախաձեռնող, որքան հետեւող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրանից անկախ։ Այսպէս էր 1903 թւականին (ըմբոստացում ու ցոյցեր եկեղեցական կալւածքների գրաւման առթիւ), այսպէս էր 1905-1906 թւականներին (հայ-թաթարական արիւնահեղ ընդհարումներ), այսպէս էր նաեւ բանւորական առաջի մեծ շարժումների ժամանակ (1903-1906 թւականներին), երբ Դաշնակցութիւնը ղեկավարւում էր Բագւում, Թիֆլիսում ու Բաթումում՝ օտար սօցիալիստական կուսակցութիւնների քաղաքականութիւնով ու գործելու եղանակներով:

Նոյն բնորոշ գիծը արտայայտւել է՝ ինչպէս կտեսնենք մի քիչ յետոյ նաեւ մեր ետագայ գործունէութեան մէջ: