Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակելու են — ու արդէն շարունակում են — մեր գործը: Նրանք անում են ու անելու են այդ՝ գիտակցեն թէ չգիտակցեն, ցանկանան թէ չցանկանան: Ինչպէս եւ մենք, նրանք էլ ժամանակաւոր մի գործիք են Մեծ վարպետի՝ պատմութեան ձեռին: Մենք մերը արինք, լրացրինք մի որոշ շրջան․ շարունակութիւնը նրանց է պատկանում:


Երախտապարտ պիտի լինենք բօլշեւիկներին. խորտակելով մեզ, նրանք՝ եթէ չասեմ փրկեցին, գէթ աւելի ապահով վիճակի մէջ դրին մեր կեանքի գործը: Նրանք եկան մեզ փոխարինելու ճիշտ այն օրհասական ժամին, երբ մենք ինքներս այլեւս չէինք կարող տանել մեր գործի ծանրութիւնը:


Գործը չի՛ մեռած:


Ճնշտ է, որ Հայաստան անկախ պետութիւն չէ այսօր, այլ մի ինքնավար նահանգ Ռուսական ֆեդերացիայի մէջ։ Բայց թերեւս սա լաւագոյնն է այսօրւայ համար:


Փորձը ցոյց տւեց, որ՝ այժմ եւեթ՝ անկախ պետութիւն կազմելը — մանաւանդ քաղաքական այս աննպաստ պայմանների մէջ — հայ ժողովուրդի ոյժերից վեր բան է: Պէտք է միջին դրոււթիւն, քաղաքական մի նախակրթարան — դաստիարակւելու, պետական կեանքին վարժվելու համար․ ապա՝ մեծ ցնցումներից, կոտորածներից ու աւերումներից յետոյ պէտք է հանգստութիւն՝ ոյժեր հաւաքելու ու կազմակերպւելու համար: Իրերի բերմամբ, այդ շրջանը Հայաստան պիտի անցնի բօլշեւիկեան դրօշակի տակ: Թո՛ղ այդպէս լինի:


Արդ՝ օգնել բօլշեւիկներին Դաշնակցութէիւնը չի կարող, մնում է որ չխանգարի — ա՛յդ կլինի նրա օգնութիւնը: Իսկ չխանգարելու համար ունի մի միջոց միայն. հեռանալ ասպարիզից:


Յաճախ լսում եմ, թէ մեր դատը ապահովելու համար չի կարելի յենւել միայն մի օրիենտացիայի վրայ․ զգուշութիւնը պահանջում է, մէկի կողքին ու զուգընթաց՝ իբրեւ պահեստի ոյժ՝ գոյութիւն ունենայ նաեւ մի ուրիշը: Հայ բօլշեւիկները տանում են ռուսական գիծը — թող տանեն, այնտեղ մենք բան չունենք անելու: Բայց պէտք է նախատեսնել եւ ուրիշ կարելիութիւններ: Օրինակ, ռուս բօլշեւիկները այսօր կազմում են թուրքերի հետ մի ընդհանուր ճակատ, բայց վաղը այդ արհեստական բլօկը կարող է քանդւել ու մենք կարող ենք հարկադրւած լինել մի ընդհանուր լեզու որոնելու թուրքերի ու նրանց ետեւը կանգնած Եւրոպացիների հետ խօսելու համար: Հարկաւոր է, ուրեմն, կապեր պահել վաղւան թուրքերի հետ եւ եթէ Դաշնակցութիւնը ուրիչ բան չունի անելու, հէնց այս մէկ գործի համար պէտք է պահի իր գոյութիւնն ու այժմեան հակաբոլշեւիկեան դիրքը:


Խոսքս չերկարացնելու համար չեմ ուզում առարկել ոչ այդ կարելիութեան եւ ոչ էլ երկրորդ օրիենտացիայի կարեւորութեան դէմ: Ասում եմ միայն ու պնդում — եւ սա է էականը — որ Հ.Յ.Դաշ-