Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարդու համար եւ ո՛չ մարդը ստեղեւած շաբաթի համար:


Շատ banal խօսք է ասածս ու ոչ ոք հակառակը չէ ասի, իհարկէ: Չի ասի, այո՛, բայց արդեօ՞ք չի անի (անգիտակցօրէն ու ակամայից):


Այնքան էլ հեշտ բան չէ՝ ազատ մնալ կուսակցական կաշկանդումներից: Երկարամեայ կուսակցական կեանքը կաղապարում է մարդու հոգին կուսակցական կաղապարով, մարդ կուսակցօրէն է մօտենում, կուսակցօրէն ըմբռնում ու կուսակցօրէն լուծում բոլոր խնդիրները:


Աւելին եւս. կուսակցութիւնը սոսկ միջոց լինելու փոխարէն՝ դառնում է կամաց-կամաց ինքնանպատակ, դատը ստորագրւում է իրան ծառայելու կոչւած օրգանին ու կուսակցական գործունէութիւնը դառնում է կուսակցականի համար մի տեսակ փէշակ (ներիր այս կոպիտ արտայայտութիւնը, ուրիշ բառ չեմ գտնում):


Յիշում եմ մի խօսակցութիւն, որ տարիներ առաջ ունեցել եմ լուսահոգի Ռոստոմի հետ: Պարսկական յեղափոխութեան սկիզբներումն էր: Խօսում էինք մեր մասնակցութեան մասին այդ յեղափոխութեան մէջ: Ես պնդում էի, որ Պարսկաստանում Ռաշնակցութիւնը բան չունի անելու եւ որ մեր հրապարակ գալը այնտեղ՝ պարզ աւանտիւրա է...


— Լաւ, վրայ բերեց յանկարծ Ռոստոմը, Ռուսաստանում յեղափոխութիւնը խեղդւած է, Տաճկաստանում համաձայնութեան ենք եկել Իթթիհատականների հետ, Պարսկաստանումն էլ ասում ես չպիտի խառնւենք կռիւներին... Հապա մենք ի՞նչ անենք:


Հարցը դրեց կատակի ձեւով, իրան յատուկ անուշ ժպիտը երեսին: Բայց դու հասկանում ես, որ այդ կատակի տակ թաքնւած էր մի խոր հոգեբանական իմաստ եւ որ Ռոստոմը — գերազանցօրէն կուսակցական մարդ — իր հոգու անթափանցելի խորքերում իրօք ունէր այդ անհանգստացուցիչ հարցը:


Անհատապէս ինձ համար այդպիսի երբեք գոյութիւն չի ունեցել ու այսօր էլ չունի: Հռովմը ինձ շատ աւելի թանգ է, քան կեսարը — աւելի ճիշտը կեսարը թանգ է այնչափ միայն, որչափ նա պէտք է Հռովմին:


Երբ ես տեսնում եմ, որ տւեալ պայմանների մէջ Հայաստանն ու հայ ժողովուրդը պէտք ունեն բօլշեւիւկներին, ես ասում եմ առանց տատանումների. տեղ տանք բօլշեւիկներին, այսօր նրանց է պատկանում իրաւունքը, որովհետեւ նրանք միայն կարող են փրկել գրութիւնը:


Խորհրդաժողովը չի ուզեցել նոյն իսկ քննութեան առնել այս առաջարկը:


Ինչո՞ւ:


Որովհետեւ , սիրելի NN, ժողովականները — ամէն մէկը առանձին, լռելեայն ու թերեւս անգիտակցօրէն — հարց են տւել հոգիների խորքերուս. հապա մե՞նք ինչ անենք...


Այդ զահրումար «մենքն» է, որ ըստ իս կաշկանդել է խորհրդաժովի միտքը: