Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքական վիճակ ստեղծելու համար ենւած մի կազմակերպութիւն է եւ ո՛չ հեռաւոր սօցիալական ձգտումների տէր կուսակցութիւն». բայց կանգնելով նոյնիսկ իմ տեսակէտի վրայ հարց ես տալիս ինձ. ի՞նչ հիմքեր ունեմ պնդելու, թէ Դաշնակցութիւնը վերջացրել է արդէն իր միսսիան. չէ՞ որ Հայաստանն այսօր էլ անկախ պետութիւն չէ:


Հարցդ ցոյց է տալիս, որ հարկաւոր ուշադրութեամբ չես լսել զեկուցումս կամ ես չեմ կարողացել լրիւ արտայայտւել: Քո հարցը ես դրել եմ ու պատասխանն էլ տւել (ճիշտ է, որ զեկուցագիրս Խորհրդաժողովում ընթերցանելի անելու համար հարկադրւած եմ եղել առ հասարակ կարճ կտրել, սեղմ արտայայտւել):


Ասեմ նորից:


Դաշնակցութիւնը սպառել է իր անելիքը ո՛չ այն մտքով, որ հասել է արդէն նպատակին, իրականացրել է իրան ծնունդ տւող իդէալը (իդէալը, ինչպէս եւ մատեմատիկական «սահմանը» փոփոխական մեծութիւնների համար, միշտ մնում է առաջը. նրան կարելի է մօտենալ, բայց երբեք՝ հասնել), այլ այն մտքով, որ Դաշնակցութիւնը անցել է մի որոշ ճամփայ, բերել է իր կեանքի դատը մինչեւ մի որոշ կայան, որից դէնը ինքը այլեւս անզօր է առաջնորդելու:


Թոյլ տուր մի պատկերաւոր լուսաբանութիւն:


Սասունի լեռներից ու Վարագի բարձունքներից մենք իջել ենք Արարատեան դաշտը: Մենք անցել ենք այնպիսի ճամփաներ, ուր կարող էր մագլցել միայն լեռնեցու «վըռըշիկը». անցել ենք հայդուկային փորրիկ խմբերով, գիշերային խորհրդաւոր մթութեան մէջ, թաքնւելով ձիւների մէջ ու ժայռերի տակ. նահատակւել ենք այդ դաժան ճամփու վրայ, նահատակել ենք մեզ հետ եւ հայ ժողովուրդը, բայց միշտ առաջ ենք գնացել, սերմանելով մեր շուրջը ազատութեան կենսարար ferment-ը:


Արիւնաքամ եւ ուժասպառ, բայց վերջապէս իջել ենք լայն դաշտը ու նոր հորիզոններ ենք տեսել մեր առջեւ:


Արարատեան դաշտը — առաջի մեծ կայանն է մեր երկար ճամփու վրայ:


Բայց այստեղ բաղխւում ենք նոր կարգի ոյժերերի հետ եւ պայքարի պայմանները միանգամայն տարբեր են այստեղ:


Հետեւակի «վըռըշիկը», հայդուկների «խումբը» եւ մեր տղաների «տասնոցը» անզօր են այնտեղ, ուր բանում է երկաթուղին, շարժւում են բանակներ ու խօսում է արագաձիգ թնդանօթը: Ուրիշ է обстановка-ն, ուրիշ է մասշտաբը, ուրիշ պիտի լինեն եւ կռւի մեթոդները:


Մի կարծիր, թէ մենք — իրրեւ կուսակցութիւն — կարող ենք յարմարւել նոր պայմաններին ու փոխել հին մեթոդները: Պետութիւն վարելու մեր երկու եւ կէս տարւայ փորձը ցոյց տւեց, թէ ո՛րքան կաշկանդւած ենք անցեալով եւ ո՛րքան անզօր ենք մեր իսկ դէմ: Երեսուն տարւայ կուսակցական կեանքը դրել է մեր վրայ իր անջնջելի դրոշմը, հաստատել է աւանդներ ու սովորութիւններ, մտածելու ու գործելու