Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սա իրողութիւն է:


Իրողութիւն է եւ այն, որ այսօր չկայ ոչ մի ոյժ, որ կարողանար փոխարինել Հայաստանում բօլշեւիկներին: Բօլշեւիկները պւտք են Հայաստանին:


Որքան հասկանում եմ, դու եւս չես հերքում այս շատ պարզ ճշմարտութիւնը, բայց պահանջներ ունես, որոնք չեն բաւարարւած եւ ահա այստե՛ղ է, որ հակադրում ես բօլշեւիկներին Հ. Տ. Դաշնակցութիւնը:


Ո՞ւր է «միացեալ» Հայաստանը, հարցնում ես դու. ունե՞ն բօլշեւիկները այդ պահանջը իրանց դրօշակի վրայ:


Չունեն:


Իսկ մենք, որ շարունակում ենք կրկնել այդ պահանջը մեր կուսակցական որոշումների մէջ — ի՞նչ հեռանկարներ ունենք առջեւներս: Քաղաքական լուրջ պահա՞նջ է դա, թէ մի անբովանդակ ֆօրմուլ, որ կրկնում ենք միայն մեզ մխիթարելու, մեր սիրտը հովացնելու համար, ի՞նչ իրական բովանդակութիւն ունի այդ պահանջը այսօր, 1923 թւական յունիսին, բնաջնջւած թուրքահայութեան ու յաղթական Թիւրքիայի հանդէպ:


Ո՞ր «երկու» Հայաստաններն են, որ պիտի միացւեն:


Փորձենք մի քիչ զգաստ լինել — չէ՞ որ պետական մարդու առաջին պարտականութիւնն է դա:

«Երկրորդ» Հայաստանը գոյութիւն չունի այլեւս:


Սոսկալի է այս խօսքը, բայց խօսքը չարտասանելով կարելի՞ է փոխել իրականութիւնը:


Սեւ դաշնագիրը ստորագրելու շրջանում մենք դեռ ունէինք որոշ յոյսեր. կարո՞ղ ենբ ասել նոյնը այսօր: Ո՞վ պիտի խլի Թիւրբիայի ձեռից հայկական վիլայէթները, ուր մի հատիկ հայ չի մնացել այլեւս: Ո՞վ պիտի դուրս քշի այնտեղից թուրքական բանակը ու քրդական աշիրաթները. Ո՞վ պիտի հաւաքի աշխարհի չորս կողմը ցրւած թրքահայութեան բեկորները, բերի տուն, շէնացնի աւերւած երկիրր, ապրելու ու աշխատելու հնարաւորութիւն տայ: Ո՞վ պիտի պաշտպանի երկարաձիգ սահմանները ու արգելի թուրքերին ներս խուժելու երկիր...


Այդ բարդ ու շատ դժար գործողութիւնները կատարելու համար ո՞վ պիտի մատակարարի Հայաստանին քաղաքական օգնութիւն, ռազմական ոյժ ու վագօններով ոսկի:


Բօլշեւիկները «միացեալի» պահանջ չեն դնում...


Այո, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը կարո՞ղ է լրացնել բօլշեւիկների այդ պակասը: Ո՞ւմ եւ ինչ ոյժի վրայ յենւած պիտի կատարի նա այդ հսկայական աշխատանքը դրսի ոյժի, հարկաւ, որովհետեւ ներսում թուրքն է ուռած