Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց, սիրելի NN, դու մոռանում ես, որ այդ կենակցութիւնը կայ արդէն Անդրկովկասեան պետութիւնների մէջ — ոչ միայն խաղաղ կենակցութիւն, այլ նոյն իսկ շատ սերտ Դաշնակցութիւն:


Կասես, որ Մոսկւայ է վախն է, որ պահում է ներկայ modus-ը...


Թո՛ղ այդպէս լինի: Փաստն այն է, որ հայ, թաթար ու վրացի բօլշեւիկները յաջողեցրին այն, ինչ չկարողացանք անել մենք, դաշնակցականներս, մենչեւիկներն ու մուսաւաթականներ:


Համաձայնիր, որ դրութիւնը Անդրկովկասում դրացիական համակենակցութեան տեսակէտից այսօր շա՛տ աւելի լաւ է (կամ չատ պակաս վատ), քան էր մեր ժամանակ: Մարդիկ այլեւս չեն մորթոտում իրար, չեն աւերում գիւղերն ու քաղաքները, չեն մնում օր-գիշեր զէնքի տակ. մարդիկ ազատօրէն գնում — գալիս են, անցնում են սահմանները, առեւտուր են անում եւ քէֆի են նստում իրար հետ...


Ինչո՞ւ այդպիսի վիճակ չկարողացանք ստեղեել մենք: Չէ՞ինք ուզում, չէ՞ինք հասկանում անհրաժեշտութիւնը: Հասկանում էինք, ուզում էինք ու շատ էլ աշխատեցինք — անկեղծօրէն աշխատեցինք — բայց յաջողութիւն չունեցանք:


Ինչո՞ւ չկարողացանք եւ ի՞նչ երաշխիք, թէ ապագայում աւելի շնորհալի կլինենք, քան էինք անցեալում:


Կան վէճեր, որ մենք անդրկովկասցիներս փոխադարձ համաձայնութեամբ, առանց դրսի միջամտութեան, չենք կարողացել ու այսօր էլ չենք կարողանում լուծել (յիշի՛ր մեր արտասահմանեան բանակցութիւնները...):


Վրաստանն ուզում է ապահովեցնել իր գերիշխող դիրքը Անդրկովկասում, ձգտում է ամբողջացնել իր «պատմական» կոչւած սահմանները, չի ուզում հրաժարւել ոչ միայն Ախալքալաքից ու Արդահանից, այլ նաեւ Լօռիից — դեռ Փամբակի վրայ էլ աչք ունի: Ազրբէյջանը բնականօրէն ուզում է մերձանալ, կապւել Թիւրքիայի հետ. տնտեսական ու ռազմագիտական նկատումներով չի կարող հրաժարւել հայկական Ղարաբաղից, իսկ ազգային նկատումներով՝ Շարուր Նախիջեւանից: Հայաստանը, որ ամենից հաեմստն է (որովհետեւ ամենից թոյլն է), այնուամենայնիւ պիտի ապահովի մի minimum minimorum՝ իր պետական գոյութիւնը կարելի անելու համար. նա չի կարող պարփակւել երեք ու կէս գաւառի մէջ (Երեւան, Նոր-Բայազիդ, էջմիածին ու Շիրակի կէսը). եթէ հրաժարւի Ախալքալաքից յօգուտ վրացիներին, Լօռին այնուամենայնիւ պիտի պահանջի իրան, եթէ հրաժարւի Լեռնային Ղարաբաղից յօգուտ Ազրբէյջանի, Շարուրն ու Նախիջեւանը այնուամենայնիւ պիտի պահանջի իրան, եթէ յօգուտ յաղթական Թիւրքիայի հրաժարւի Ղարսից, այնուամենայնիւ չի կարող հրաժարւել Սուրմալուից ու կաղզւանից... Յետոյ Հայաստանը ելք չունի դէպի լոյս աշխարհ Եւրոպայի հետ նա պիտի հաղորդակցի Վրաստանի վրայով, ուրեմն Վրաստանը, պիտի տայ նրան եթէ ոչ տերիտօրիալ ելք, գօնէ լրջօրէն