Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց դու ասում ես, որ ներկայ դրութիւնը կարող է փոխւել հակառակ մեր ցանկութեան բօլշեւիկների իշխանութիւնը կարող է խորտակւել Ռուսասաանում կամ բօլշեւիկները ինջ-ինչ պատճառներով կարող են լքել Անդրկովկասը:


Կարող է պատահել եւ այդ: Ում ենք չենք, իհարկէ, որ պիտի յաւերժացնենք բօլշեւիկների գոյութիւնը, որքան էլ ցանկանանք:


Բայց, կրկնում եմ. այդ դէպքումն էլ Դաշնակցութիւնը անկարող պիտի լինի ներկայացնել Հայաստանն ու փրկել դրութիւնը: Հարկաւոր կլինեն ուրիշ մարդիկ — ուրիշ անունով, ուրիշ հողեբանութիւնով, ուրիշ անցեալով (կամ առանց անցեալի):


Երկարացնում եմ նամակս, բայց այնքան բան ունեմ ասելու...


Գրում ես. «այդպէս չենք մտածել մենք Թիֆլիսում, Երեւանում, Զանգեզուրում ու նոյնիսկ Թաւրիզում»:


Այո՛, այդպէս չենք մտածել: Բայց մի՛թէ դա պատճառ է, որ այդպէս չը մտածենք նաեւ այսօր՝ Պարիզում ու Բուքրեշտում: Մի ե՛տ նայիր ու տես, թէ ի՛նչ երկար ճամփայ ենք անցել, մինչեւ Թիֆլիսից Երեւան ենք եկել, Երեւանից՝ Զանգեզուր, Զանգեզուրից՝ Թաւրիզ ու Թաւրիզից... չգիտեմ ուր հասել:


Այդ երկար ճամփան մի բան պիտի սովորացնէր մեզ, թէ ո՞չ:


Թեթեւամտութիւն կամ փոփոխամտաթիւն է արդեօք խրատւել, դասեր առնել անցեալից, ճանաչել իրականութիւնը ու ըստ այնմ վարւել: Եւ առաքինութի՞ւն է, թէ ուրիշ բան՝ ասել, թէ այսօր իրաւունք չունենք այսպէս մտածելու, որովհետեւ Երեւանում կամ Զանգեզուրում ա՛յլ կերպ ենք մտածել...


Այդ ի՞նչ անձեռնմխելի ու սրբադան արժէք է մեր «մտածած»ը, որ չի կարող վերագնահատւել կամ տեղի տալ նոր մտածումների:


Բայց ո՞րն է այն «նորը» իմ մտածումների մէջ, որ այդ աստիճան վրդովեցրել է ձեզ. իսկապես որ նա Նոր է ու հակառակ հնին:


Թերեւս ինքնախաբէութիւն է սա, մտքի տկարութիւն կամ անգիտակցական կեղծիք, բայց ճշմարտութիւնն այն է, որ ես իմ վերաբերմամբ ու ինձ համար՝ այդ «նորը», այդ «այլր» չեմ տեսնում: Ես ունեմ այն հաստատ գիտակցութիւնը, թէ այսօր մտածում եմ — խօսքս հիմնական մտածումի մասին է — ճիշտ այնպէս, ինչպէս մտածել եմ 1920 թւականին, 18ին, 14ին ու իմ ամբողջ կեանքը: Այն հիմնական միտքը, որ ղեկավարել է ինձ երկար տարիների ընթացքում, ղեկաւարում է եւ այսօր: Ես չունիմ նոր պաշտամունք, չեմ կառուցել նոր կուռքեր, մնում եմ հաւատարիմ իմ դաւանած հին աստւածներին: Այն, որ «նոր» է թւում քեզ, ինձ համար նոյն «հին» է, հինի շարունակութիւնն ու զարգացումը: