Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փաստը այն է սակայն — ու սա է էականը — որ թրքական տիրապետութեան դէմ տասնեակ տարիներ առաջ սկսւած պայքարը յանգեց թուրքահայ ժողովուրդի տարագրութեան կամ բնաջնջման եւ ԹիւրքաՀայաստանի ամայացման:


Այս էր ահռելի իրականաթիւնը:


Թո՛ղ այնուհետեւ ամբողջ քաղաքակիրթ մարդկութիւնը ցնցւէր զայրոյթից անորակելի ոճիրի առաջ: Թո՛ղ պարլամենտների մէջ ու հրապարակային ժողովներում պետական մարդիկ սպառնական խօսքեր արտասանէին մարդասպան թուրքերի դէմ: Թո՛ղ «կապոյտ», «դեղին», «նարինջի» ու ամէն ուրիշ գոյնի գրքեր ու ամբաստանող թղթեր հրատարակէին: Թո՛ղ եկեղեցիներում ամէն դաւանանքի քահանաներ երկնային բարկութիւն ու աստւածային պատիժ կանչէին չարագործների գլխին: Թո՛ղ համաշխարհային մամուլը լցնէր իր էջերը սարսափեցուցիչ նկարագրութիւններով ու ականատեսների վկայութիւններով...


Թո՛ղ... գործը կատարւած էր արդէն եւ խօսքերը չէին, որ կենդանութիւն պիտի տային արաբական անապատներում ընկած դիակներին, վերաշինէին աւերւած օջախները ու շէնացնէին ամայացած երկիրը:


Թուրքերը գիտցան իրանց անելիքն ու արին:


4. 1915 թւականի երկրորդ կէսը ու ամբողջ 1915 թւականը, ընդհանուր սուգի ու յուսահատութեան շրջան էր մեզ համար:


Փախստականները Վանից, Ալաշկերտից, Բասենից - բոլոր նրանք, որոնց յաջողւել էր ազատւել ջարդերից - տասնեակ ու հարիւր հազարներով լեցւել էին ռուսահայ գաւառները: Անօթի, մերկ, հիւանդ, սարսափահար ու բաբոյալքւած մարդկանց հեղեղներ էին, որ գալիս էին մէկը միւսի ետեւից ու հեղեղում մեր գիւղերն ու քաղաքները: Այս սովահար զանգւածները եկել էին մի երկիր, որ ինքն էլ քայքայած էր արդէն ու հացազուրկ: Ուժասպառ, հիւանդ, արիւնաքամ կուտակւել էին փախստականները իրար վրայ: Շիրակն ու Արարատեան դաշտը վերածւել էին մի ահռելի հիւանդանոց-անկելանոցի, ուր հայ մարդիկ մեր աչքի առջեւ, մեր դռների շեմքին - մեռնում էին հազարներով սովից ու հիւանդութիւններից...


Ու մենք անզօր էինք փրկելու այդ թանկագին կեանքերը:


Զայրացած ու սարսափած, որոնեցինք յանցաւորներին ու գտանք իսկոյն. ռուս կառավարութեան նենգ քաղաքականութիւնը:


Քաղաքականապէս տհաս ու մտքով անհաւասարակշռւած մարդկանց յատուկ անհետեւականութիւնով, մի ծայրայեղութիւնից ընկանք անմիջապէս հակառակ ծայրայեղութեան մէջ: Որքան կոյր ու անհիմն էր մեր երեկւայ հաւատը ռուս կառավարութեան հանդէպ, նոյնքան կոյր ու անհիմն էր այսօրւայ մեղադրանքը:


Ասում էինք ռուսները խաբեցին ու դաւաճանեցին մեզ: Դիտմամբ