Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոմե քթիկով մի սարյակ։ Նա նստած էր կաղնու ճյուղքին և շփոթված էր իրեն ցույց տված պատվից․ փոքրիկ, հուզված և անհանգստացած, նա բոլորի մեջ զարմանք առաջացրեց և ոչ-ոքի դուր չեկավ։


Հեռու․․․ Պատերազմ է հայտարարված
Աստ՝ առաջնություն շահելու համար՝
Աստվածներին հին ․․


Երբ այս ճչում է արծիվը, բազեն, վերջապես անգղը, դա և՛ գեղեցիկ է, և՛ հուժկու, բայց սարյա՜կը, սարյա՜կը, որ պատերազմ է հայտարարում աստվածներին․․․ Այստեղ կա որոշ անհամապատասխանություն, ինչ-որ տարօրինակ և ծիծաղելի բան։ Ինչո՞ւ անպայման սարյակը, և ո՛չ կարմրակատարը, կամ խածկտիկը․․․

Զարմացած և վիրավորված թռչունները նայում էին սարյակին և մտածում․ «Ի՞նչ է լինելու հիմա»։

Բայց այստեղ մի հնարամիտ կարմրակատար, [մասնագիտությամբ լրագրող] հարցրեց սարյակին․

— Լսեցե՛ք, այդ դո՞ւք էիք հիմա երգում։

— Ե՛ս․․․— պատասխանեց սարյակը,— այո՛, այդ ե՛ս էի երգում։

— Հը՜մ․․․ իսկ դուք ինչո՞վ այդ կապացուցեք,— Այսինքն՝ մենք, իհարկե, չենք կասկածում ձեր ընդունակություններին, բայց․․․

Սարյակը ցնցվեց, նրա փետուրները ցցվեցին և նա երգեց․


Մեր ստեղծած սև գիշերվա մթնում
Անցնում են, թռչում գորշագորշ բուեր․․․