Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես չե՛մ կարող քեզ տալ նրան, չե՛մ կարող,— ասաց խանը։

— Ես է՛լ չեմ կարող այլևս սպասել․ պոկի՛ր իմ սիրտը կամ տո՛ւր նրան ինձ։

Խանը լուռ էր։

— Գցենք նրան լեռից ծովը։

— Գցենք նրան լեռից ծովը,— կրկնեց խանը որդու խոսքերը, ինչպես որդու ձայնի արձագանքը։

Եվ այդ ժամանակ մտան նրանք հարեմը, ուր կինն արդեն քնած էր հատակին, փարթամ գորգի վրա։ Կանգ առան նրանք նրա առջև, նայեցին․ երկար նայեցին նրան։ Ծեր խանի աչքերից թափվում էին արցունքներն արծաթյա մորուքին և պսպղում էին այնտեղ, ինչպես մարգարիտներ,— իսկ նրա որդին կանգնած էր, փայլատակելով աչքերը և իր ատամների կրճտոցով, կիրքը զսպելով, արթնացրեց կազակուհուն։ Արթնացավ նա— և նրա երեսին, քնքուշ ու վարդագույն, ինչպես արշալույսը, ծաղկեցին նրա աչքերը, ինչպես մանիշակներ։ Չնկատեց նա Ալհալլային և ալ շրթունքները մեկնեց խանին։

— Համբուրի՛ր ինձ, արծի՛վ։

— Հավաքվի՛ր․․․ կգնաս մեզ հետ,— կամացուկ ասաց խանը։

Այստեղ աղջիկը տեսավ Ալհալլային և արցունքները՝ իր արծվի աչքերում, և— խելոք Էր նա— ամեն ինչ հասկացավ։

— Գալիս եմ,— ասաց նա։— Գալի՛ս եմ։— Ոչ սրան, ոչ նրան— այդպե՞ս որոշեցիք։ Հե՛նց այդպես էլ պետք է որոշեն սրտով հզորները։ Գալի՛ս եմ։

Եվ նրանք լուռ, երեքով, գնացին դեպի ծովը։ Նեղ