Էջ:Մեր նախորդ շրջանի բանաստեղծությունները 1.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
(Խ. Աբովյանի հիշատակին)

Այս դարի կեսերից մեր կյանքում ամենուրեք, ուր հայ է ապրում, սկսվում է մի եռանդուն մտավոր շարժում, եղած ուսումնարանների վրա տասնյակներով նոր ուսումնարաններ են բացվում, հին ուսումն ու ուսուցման խալիֆայական եղանակը դատապարտելով, մանկավարժական նոր ձևերով, կյանքի պահանջներին ավելի հարմար նոր գիտելիքներ են ավանդվում. իրար հետևից պարբերական թերթեր են հրատարակվում և հայոց հրապարակախոսը յուր թերթի ճակատին նշանաբան է դնում՝ «Այսուհետև ոչինչ եգիպտական քուրմեր, որ կամեին լինել գիտության միակ պահապանքը, այսուհետև ոչինչ Չինեական պարիսպ, որ պիտո է փակեր լուսավոր գաղափարների մուտքը ազգերի մեջ։ Այսուհետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից» («Հյուսիսափայլ»

Այդ ժամանակներից տպագրությունը լայն ծավալ է առնում, և հայոց գրողը, որ գրաբար էր գրում, և որքան կարող էր ավելի խրթին, որ զարմացնի ու ցույց տա, թե «որքան խորը տեղյակ է հայերենին», կանգ է առնում՝ միտք անում. «… ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզու չի՛ հասկանալ։ Թեկուզ ռսերեն, նեմեցերեն, յա ֆռանցուզերեն գրած, թեկուզ գրաբար՝ տասը կըլի, որ հասկանային, բայց հարիր հազարի համար՝ թեկուզ իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջաղաց։ Ախըր որ ազգը էն լեզվովը չի՛ խոսում, էն լեզուն չի՛ հասկանում, սաքի հենց բերնիցդ էլ ոսկի վեր ածի՛ր. ում պետք է ասես…» («Վերք Հայաստանի»)։ Եվ այսպես միտք անելով յուր քերականությունը, ճարտասանությունը, տրամաբանությունը ծալում, «ղրաղ» է դնում ու սկսում է յուր հայրենիքի վերքը― յուր սրտի ցավը ժողովրդի լեզվով հայտնել ու պատմել՝ գրականության մեջ անասասան դնելով աշխարհաբարի հիմքը։

Այդ ժամանակները գյուղերի ուսումնատենչ պատանիներն փախչում են քաղաք ուսում առնելու, մարդ դառնալու համար։