Էջ:Մի կյանք և մի սեր 09.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մսի մի կտոր փաթաթելով՝ երկարեց Խաչխաթուն քորոյին։

— Կե՛ր։

— Քա՛ , ես քըզի տի տամ, դո՞ւն ընծի կուտաս։

— Կե՛ր, ղուրբան, դո՛ւն կեր։

Խաչխաթուն քորոյի աչքերը լցվեցին՝ հիշեց, որ երեսուն տարի առաջ իր ամուսինն էլ մի օր այդ ձևով իրեն հյուրասիրեց։

— Ղուրբա՛ն, ինչո՞ւ կուլաս։

— Մարդս…― սկսեց Խաչխաթուն քորոն, բայց չկարողացավ շարունակել։

Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ էր պատահել նրա ամուսնուն, թերևս և ողջ էր։

— Մարդդ հիմի ո՞ւր է,— հարցրեց նա։

— Հիմա բա՞ն մնացեր է, փտեր է անտերը։

Մոսես ախպարը շունչ քաշեց։

Ճաշից հետո Մոսես ախպարը ոտները տնկեց և թախթի վրա երկարեց առանց բարձի։ Հազիվ քնել էր, երբ Խաչխաթուն քորոն նրան զարթեցրեց։ Մոսեսը վախով բաց արավ աչքերը, նա կարծեց, որ Քորոն պիտի դուրս վռնդի իրեն։ Բայց քորոն ասաց.

— Ելիր, բարձը գլխուդ տակը դիր, մեղք ես։

Մոսես ախպարը քիչ մնաց ուշագնաց լիներ— առաջին անգամն էր իր կյանքում, որ մեկը հոգում էր իր չոր գլխի համար։

— Խաչխաթուն քորո, ղուրբա՜ն ըլլիմ քու ոտքերիդ, ոտքերդ լվամ, ջուրը խմիմ,— բացականչեց նա։

Խաչխաթուն քորոն ձայն չհանեց, սրբեց քիթը և կողքին նստեց։ Նա ուզում էր, որ Մոսես ախպարը սիրտը վերջապես բաց անի, բայց գլխի չէր ընկնում, որ Մոսես ախպարն արդեն սիրտը բաց էր արել, դրանից ավելի չէր կարող բաց անել։

Երեկոյան Մոսես ախպարը սպասում էր, որ Խաչխաթուն քորոն իրեն պահի տանը, իսկ Խաչխաթուն քորոն էլ սպասում էր, որ Մոսես ախպարն արդեն կմնա իր մոտ, բայց Մոսես ախպարը մութն իջնելուց առաջ ասաց․

— Երթամ շուկա։

— Վաղ կուգաս։