Էջ:Մի կյանք և մի սեր 10.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Հա, ղուրբա՛ն, կուգամ։

Մոսես ախպարը գնաց շուկա և մի պատի տակ կանգնեց։

Առավոտյան կանուխ միս ու հաց առնելով՝ գնաց խրճիթ։ Խաչխաթուն քորոն անկողնից դեռ վեր չէր կացել։ Մոսես ախպարը լուսամուտից ներս նայեց և տեսավ, որ Խաչխաթուն քորոն վրան մի շոր է քաշում, որ գա դուռը բաց անի։ Մոսես ախպարը տեսավ նրա բաց սրունքները և բաց թևերը։

— Քա՛, դո՞ւն ես։

— Հա՛, ղուրբա՛ն, միս ու հաց բերեր իմ։

Երբ Խաչխաթուն քորոն տեսավ միսն ու հացը, չկարողացավ իրեն պահել և կողքովն ընկավ Մոսես ախպոր վրա։ Մոսես ախպարը գրկեց նրան, բարձրացրեց թևերի վրա և տարավ ներս, դրեց անկողնին։ Խաչխաթուն քորոն այնպիսի ձայներ հանեց, ինչպես տարիներ առաջ։ Մոսես ախպարը չէր իմանում, թե ինչ անի, մի քանի անգամ բարձրացրեց նրան, պինդ սեղմեց և նորից դրեց անկողնում, հետո շրթունքները մոտեցրեց նրա բաց թևերին և կծեց։

Խաչխաթուն քորոն ճչաց.

— Խե՛նթ շուն, էդպես կխածնե՞ն։

— Հըպը ի՞նչ էնիմ, ղուրբա՛ն,— անկեղծորեն, միամտորեն բացականչեց Մոսես ախպարը, որ առաջին անգամն էր հպում որևէ կնոջ։

Այդ գիշեր Մոսես ախպարը մնաց Խաչխաթուն քորոյի խրճիթում, և հաջորդող բոլոր գիշերները։

Մյուս առավոտն իսկ Խաչխաթուն քորոն հպարտությամբ խոսեց իր մարդու՝ Մոսես ախպոր մասին։

— Ճեպը, ծոցը փարա է,— ասաց նա։

Եվ իսկապես, եթե փող չունենար, որտեղի՞ց էր այն բարիքը, որ Մոսես ախպարը տունն էր լցնում ամեն օր։ Խաչխաթուն քորոն այլևս ազատվեց ուրիշների համար լվացք անելուց, թոնիր վառելուց և մուրացկանություն անելուց, որ երբեմն անում էր, երբ աշխատանք չէր լինում։ Նա այնքան աղքատ էր ապրել, որ ստիպված էր եղել ուրիշների մաքրած ցորենի ավելցուկը վերցնել և նորից մաքրել՝ մի ափ ցորեն գոնե ձեռք բերելու համար։ Իսկ հիմա։ Հիմա թող ողջ մնա իր ասլանը՝ Մոսես ախպարը, որը ինչ վաճառվում էր շուկայում՝ կարող էր գնել և տունը լցնել հենց լրագրի կտորներով,