Էջ:Մուրոյի «զրույցը» 2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Ես և ընկերս նստել էինք քարին, հիացմունքով դաշտին էինք նայում և փորձում գտնել ծանոթ գյուղերը։ Արևը կախ էր ընկել մայրամուտի կողմը։ Սարից զով քամի էր փչում, ողջ դաշտը ողողված էր արևի լույսով և արծաթի հալոցքի նման պսպղում էր ոչ միայն Արաքսի օձանման հոսանքը, այլև մի քանի փոքրիկ լճակներ ու գյուղական առուներ։

Մեր հետևը Մաղդան էր՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ։ Երկու կին կտուրների վրա ցորեն էին քամում։ Օդը ջինջ էր և թափանցիկ, արևի տակ փայլփլում էին ցորենի քիստերն[1] ու թեփը, երբ ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղում էին և օրորվում։

Մեզնից մի քիչ հեռու արտերն էին։ Ոտքերը վեր քշտած մի մարդ ջուր էր տանում։ Լսում էինք, թե ինչպես էր բահը զրնգում, երբ խրվում էր ավազոտ հողում։ Ձորակից երգի ձայն էր լսվում.

Կռունկն իջել է գյուլին[2]
Յարս ման կգա չոլին[3]

Երգը մերթ ընդհատվում էր, մերթ շարունակվում։ Ընկերոջս հետաքրքրությունը շարժեց այդ։

— Ի՞նչ անելիս կլինի էն երգողը,— հարցրեց նա։ Ես փորձեցի երգի ընդմիջումներից որոշել, բայց չկարողացա։ Ընկերս չհամբերեց, մի քայլ արեց ու նայեց ձորակի կողմը։

— Հնձվոր է,— կանչեց նա։— Հենց որ կռանում է, լռում է…

Մեր գլխավերևը՝ բլրակի հետևից լսվեց մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜…»։ Մեկը սուլեց։ Ետ նայեցինք։ Ոչխարի հոտը բլուրից իջնում էր։ Մի այծ բարձրացել էր քարի գլուխն ու տմբտմբացնում էր միրուքը։ Բլրակի գլխին կանգնել էր հովիվը՝ մահակին կռթնած։ Կանգնել էր արձանի նման ու նայում էր մեզ։ Երևում էր, որ նա վաղուց է տեսել մեզ։ Ապա սկսեց իջնել։ Հեռվից արդեն նկատելի էր, որ նա կաղում է։

  1. քիստ— հասկի փշանման երկար մազ
  2. գյուլ (թուրք.)– վարդ
  3. չոլ (թուրք.)— ամայի դաշտ