Մի իրիկուն, այն պահին, երբ վարդագույն լույս է լինում, Ուստա Օվանեսը, սենյակի լուսամուտի մոտ նստած, նորից հարց տվեց.
— Արմենակիս երթալը քանի՞ օր է։
Մեծ աղջիկը՝ Հաջիխասը, պատասխանեց.
— Քսանութ օր է։
Ուստա Օվանեսը երկար մտածեց և ասաց.
— Արմենակս ասօր կըլլի Ադանա։
Դեռ խոսքը հազիվ էր վերջացրել, երբ մի ձիավոր կանգնեց դռան առաջ, արաբական տարազով մի մարդ, սպիտակ ձիու վրա նստած։
Ուստա Օվանեսի լեզուն կլորվեց, հազիվ կարողացավ արտասանել․
— Ար֊մե֊նա֊կես գիր է եկեր…
Հաջիխասը վազեց լուսամուտը և պոռաց.
— Քա՜, Արմենակն է, ախպարս է…
Եվ իսկապես Արմենակն էր։
Սպիտակ ձին վրնջում էր, ինչպես արույրե զանգակը լուսաբացին, ծառս էր ելնում և դառնում ետևի ոտների վրա, ինչպես երիտասարդ մի պարուհի պիրուետ անելիս։
Հաջիխասն առաջինն էր, որ դուռը բաց արավ և հափշտակված կանգնեց, իսկ նրանից փոքրը՝ Հազարթերթը, հեռվից աղաղակեց.
— Վա՜յ, մեծ ախպա՜րս…
— Քիչ մը շեքեր բեր,— ասաց Արմենակը մեծ քրոջը։
Հաջիխասը վազեց շաքար բերելու։
Դռան շեմքին կանգնեցին Ուստա Օվանեսը և Աննա Քորոն։ Հաջիխասը շաքարը բերեց և վախվխելով տվեց եղբորը։ Արմենակը կռացավ ձիու վզի վրա և ափով շաքարը երկարեց ձիուն։ Շաքարը խռխռտացնելուց հետո ձին հանդարտվեց, այն ժամանակ Արմենակը վար ցատկեց։ Քույրերը փաթաթվեցին նրա վզովը, Արմենակը հազիվ ազատվեց նրանցից՝ փաթաթվելու ծնողներին։
Մայրը լաց եղավ։