Jump to content

Էջ:Յիսուսի տօնածառը (The Beggar Boy at Christ's Christmas Tree), Մարգարտածաղիկն ու արտուտը (The Daisy).pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չսպասելով ազիզ օրին: Նկուղի միւս անկիւնում յօդացաւից հառաչում էր ութսուն տարեկան մի պառաւ, որը մի ժամանակ դայեակ էր եղել, իսկ հիմա մեռնում էր միայնակ, անօգնական. պառաւը տրտնջում, մռթմռթում էր տղայի վրայ, այնպէս որ տղան վախենում էր նրանից, չէր համարձակւում նրա անկիւնին մօտենալ։

Խմելու ջուր տղան գտել էր մի տեղ, նախասենեակում, բայց հացի կտոր ոչ մի տեղ չէր կարողացել ճարել. նա արդէն տասն անգամ մօտեցել էր մայրիկին, որ զարթեցնի: Վերջապէս, վախեցաւ մթութեան մէջ. մութն արդէն կոխել էր, բայց ճրագ չէին վառում:

Տղան մօտեցաւ նորից, շօշափեց մայրիկի դէմքքը և մնաց զարմացած, որովհետև մայրիկը բոլորովին չէր շարժւում և պատի պէս սառն էր: «Այստեղ անտանելի ցո՜ւրտ է», մտածեց տղան, և ձեռքը անգիտակցաբար դնելով հանգուցեալի ուսին, մի քիչ կանգ առաւ, ապա փչեց մատներին, որ շնչով տաքացնի, և յանկարծ գդակը գտնելով թախտի վրայ, կամաց, զգոյշ, խարխափելով դուրս եկաւ նկուղից: Նա աւելի առաջ դուրս կըգար, միայն թէ վախենում էր վերևը, սանդուղի վրայ նստած մեծ շանից, որ ամբողջ օրը հաչում էր հարևանի դռանը: Բայց այժմ շունը էլ չէր երևում, և տղան դուրս վազեց փողոց:

Տէ՜ր Աստուած, այս ի՜նչպիսի քաղաք է: Նա