Էջ:Նամակ ռուսաց թագավորին 12.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքի վրա ուրախությունս տեղի էր տալիս ահավոր երկյուղի։

Լուսաբացին մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ հագնվեցի։ Բակում պապս հագցնում էր ձիու սանձը։ Քիչ հետո երկուսով նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք։

Երբ հեռացանք գյուղից, ամեն ինչ ինձ համար նոր էր և անծանոթ։ Իմ հարցերին վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիու վրա և սանձը ձգում, երբ ձին ոտքը դիպցնում էր քարին։

— Հրե՜ն է՜, էն սպիտակ տունը, կտուրն էլ կարմիր,— ցույց տվավ պապս սարի գագաթից,— պրիստավն էնտեղ է նստում։

— Պապի, որ թագավորը գրած լինի, թե իրավունք եմ տալիս, քեռին քանի՞ օրում կգա։

— Մի աչքը ճպելում[1]։ Թագավորի համար ինչ։ Ուզենա մի օրում հագար ոչխար մորթել կտա։

― Հազար ոչխա՜ր…

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք։ Ինչքա՜ն նորություն կար ինձ համար։ Այստեղ փողոցներն ավելի լայն էին, տներն ավելի գեղեցիկ։ Փողոցում շատ ժողովուրդ կար։ Խանութների առաջ մարդիկ խռնվել էին իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկը գովում էր իր ապրանքը, մյուսը բարձրաձայն սակարկում գնորդի հետ։ Մի քանի հոգի բարեվեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

— Էս հեռու տեղը որտեղի՞ց են իմ պապիս ճանաչում,— մտածեցի ես։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստել էին գյուղացիներ՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին աղլուխի[2] մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ և խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան

  1. մի աչք ճպելում― մի ակնթարթում
  2. աղլուխ (թուրք.)― թաշկինակ