Էջ:Նամակ ռուսաց թագավորին 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմ աչքից կորցրի․ սիրտս ահ ընկավ, և երբ տեսա նրա սև փափախը, կանչեցի․

— Պապի՜․․․

Ժպիտն երեսին մոտեցավ, պատվիրեց, որ ձիուն լավ նայեմ և չթողնեմ, որ մոտենա մյուս ձիերին։

― Քեզի քացի կտան, աչքդ վրան պահիր— և, հուսադրելու համար ասաց,— թե որ պատասխանը եկած լինի, քեզ համար խուրմա[1] եմ առնելու․․․

Նրա խոսքը կիսատ մնաց․ սանդուղքի գլխից մեկը կանչեց․

— Ադամով Արություն։

Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց արագ հասնելու սանդուղքին։ Աստիճանների վրա նստած գյուղացիները նրան տեղ տվին անցնի։ Հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների հետևը։

Ձիու սանձից պինդ բռնած, ես աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում պսպղան կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում և նրանց խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, թե նրանցից որն է ավելի մեծավորը։

― Պրիստավն էն է՞,— հացրի ես կողքիս նստած մի գյուղացու, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա և երեսին կային արյան չորացած կաթիլներ։

― Էն ուրյադնիկ Վասոն ա․ պրիստավն օթախումն[2] ա,— ասաց նա։ Ես չհարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է։ Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ։ Եթե ուրյադնիկը այդքան շատ ոսկի կոճակներ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո՞րը․․․

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին։ Սանդուղքի քարին նստած մարդկանց ցից ոմանք իջան և կանգնեցին բակում։

  1. խուրմա— արմավ
  2. օթախ (թուրք.)— սենյակ