Էջ:Նամակ ռուսաց թագավորին 3.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տունը գնաց։

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կար նրանց միջև։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ.

— Նազու աղջիկ, հերու էր, թե մեկել տարին էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին կանչեց։

Էն ղարիբը նմանեցնում էր բրուտին։

Տատս եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «հը՞» ասեր և ապա հայտներ իր կարծիքը սարուշենցի բրուտի մասին։

Անասունները տեղավորելուց հետո, եթե ամառվա գիշեր էր, պապս տնքալով բարձրանում էր թախտը, արխալուղի կոճակներն արձակում, և հնձվորի նման գլխին կապում սպիտակ շորը։ Հողի գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո, թիկնում էր բարձին և ննջում։

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում։ Քաղցր քնի մեջ, մանավանդ երբ լուսաբացին զովը պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապս ձայն էր տալիս մեզ․

― Դե, վերեք[1], հրեն արևը դուրս եկավ հա՜․․․

Մենք ավելի էինք ներս խցկվում վերմակի տակ ու սկսում սուտ խռմփացնել։ Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր կրունկները։ Ծլոնգ էինք անում, նստում անկողնում և տրորում մեր քնատ աչքերը։

― Դե հա՜ վերեք… Տղամարդն էլ էդքան քնի՞։ Հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք…— ասում էր և հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին և ինքն էլ մեզի հետ ծիծաղում։

― Վերեք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի։ Հրեհ ձեր պսակվելու վախտը մոտենում ա հա՜, վերե՜ք…

Մենք այն ժամանակ ութ֊տասը տարեկան երեխաներ էինք։ Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար

  1. վերեք (բրբ․)— վեր կացեք