Էջ:Նամակ ռուսաց թագավորին 5.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել,— թե ինչպես սարում գայլերը հարձակվել էին ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում և մի կերպ ազատվել։

Պատմությունն անելիս պապս միշտ կամ ջահել օրերին էր երանի տալիս, կամ էլ առանձին շեշտով խոսքը վերջացնում․

— Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա…

Աշխարհի չար ու բարուց անտեղյակ, միամիտ երեխաներ էինք։ Մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր։ Տանուտերը, որր նստում էր հարևան գյուղում, մեր գյուղի գործերը տեսնում էր գզիր Իբիշի ձեռքով։ Մեկ էլ գզիրը տնկվում էր կտարի վրա, կամ կռանում էր և երդիկից կանչում.

— Քյոխվից հրաման կա․․․ Տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին՝ Սիբիր։

Եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իբիշը խոսքը վերջացնում էր սպառնալիքով։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչացնե՞ն[1]… Չէ՛, չէ՛, բե՛ր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Բե՛ր, թե չէ Սիբիր հա՜…

Գզիր Իբիշը մեզ սարսափելի և հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլ ու գազան տեսած,— նա էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից, կամ թե երբ դարբասի քարին նստած ժամանակ գզիրը մոտենում էր և չոր ու կոշտ հայտնում տանուտերի հրամանը։

― Մեր տան կերած, աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իբի՛շ…

Պապս էր ասում այդ խոսքերը, երբ գզիրը հեռանում էր այնքան, որ չլսի ասածը։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար Իբիշը, պապիս

  1. քոչացնել― տեղահան անել