Էջ:Նամակ ռուսաց թագավորին 8.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դռնով, շտապեց մեզ հայտնելու, որ տանուտերից տեղեկացել է, թե քեռիս ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում։

― Անունն ինչ էր էն անտերի․․․ Տես է՜, հուշ եմ ասել։ Լեզվիս պտկին էր, ամբողջ ճանապարհին ասում էի, որ մտահան չանեմ։

Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։ Պապիս պատմածը մեզ թվում էր հեքիաթ։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, մենք զարմացած նայում էինք մեր կարճլիկ, մազը սպիտակ պապին, որի կապույտ աչքերը պայծառացել և վառվում էին հույսի հրճվանքով։

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք․․․ Փոշտ[1] կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն[2] էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ու մանկական երևակայությամբ պատկերացնում էինք ոսկե գրիչը, որով փայլուն թղթի վրա գրում են պապիս խնդիրքը, բառերը պսպղին են տալիս, նամակը սարերի վրայով և թռչունի թևով հասնում է ոսկե մի տուն, և թռչունը նամակը դնում է թագավորի թախտին։

Այդ իրիկուն տատս ջոկեց պանրի յուղոտ կտորները, լցրեց մի մորթու մեջ և բերանը կապեց։ Երբ պապս պատվիրեց պոչը ծաղիկ երինջին գիշերը կուշտ խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որը մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց։ Առավոտ կանուխ բոլորս ոտքի

  1. փոշտ― փոստ
  2. ղալամ (արաբ.)― գրիչ