Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախադասություն, ինչպես՝ Նստեցինք մահճակալին: Կարդա դասդ: Երկու խոսք՝ իմ ընկերոջ մասին...

Որքան էլ որ գործածելի են այսպիսի նախադասությունները գրավոր թե բանավոր խոսքում, այդուհանդերձ, դրանց արտահայտած միտքը երբեմն էլ հստակ ու որոշակի չի լինում։ Բացի այդ, պետք է ասել, որ զեղչված ենթակայով և զեղչված ստորոգյալով նախադասությունները նույն տեսակարար կշիռը չունեն. զեղչված ստորոգյալով նախադասություններն ավելի քիչ գործածական են, քան զեղչված ենթակայով նախադասությունները, որովհետև ամեն մի նյութական-դիմավոր բայ հաղորդակցական ոլորտում կարող է դառնալ ինքնուրույն նախադասություն, մինչդեռ ենթական անկախ գործածվել չի կարող։

Պատահում են դեպքեր, երբ նախադասությունը հանդես է գալիս առանց գլխավոր անդամների։ Այդպիսի նախադասությունները կիրառվում են հատկապես կոչերում, լոզունգներում, պաշտոնական բնույթի գրություններում, զանազան ոճերում։

Օրինակներ՝ Երկու խոսք՝ մեր սիրելի ընկերոջ մասին: Իսկ այժմ՝ ըստ էության: Հնգամյակին՝ մեր բոլոր ուժերը: Ավելի շատ պողպատ՝ հայրենիքին: Հնգամյակը՝ չորս տարում: Որակին՝ բանվորական երաշխիք:

Կախյալ թերի նախադասությունները կիրառվում են և՛ բարդ նախադասություններում, և՛ երկախոսություններում։ Ահա. Հարցնում եմ, բայց ոչինչ չի պատասխանում: Ես թատրոն գնացի, նա՝ համերգ: Դու գիտնական ես, իսկ ես՝ ուսուցիչ: Տերյանն ազգային մեծություն դարձավ, Թումանյանը՝ համաշխարհային: Եթե սովորեմ, կգնահատվեմ: Պատասխանես՝ կստանաս... Բերված բարդ նախադասություններում պարզ երևում են զեղչված անդամները, հետևաբար և թերի նախադասությունները։

Գրավոր և բանավոր խոսքում, սակայն, շատ տարածված են տրամախոսական թերի նախադասությունները։ Խոսակիցները գիտակցաբար (ոճական առումով) պատասխանում են դիմացինին հետաքրքրրող կարևորագույն պահերին առնչվող հարցին՝ զեղչելով բազմաթիվ անդամներ, որոնք տվյալ պարագայում կարևոր չեն։ Այսպես՝

— Ո՞ւր ես շտապում այդպես արագ, Արմե՛ն։

Կինո:

— Իսկ ի՞նչ կինոնկար է այսօր ցուցադրվում։

— «Մխիթար սպարապետը»:

— Այսօր երեկոյան ո՞ր ժամին տանը կլինես։

Ութին:

— Այժմ մենա՞կ ես գնում կինո։

Մենակ:

Դժվար չէ նկատել, որ պատասխանական ընդգծյալ նախադասությունները