Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարգի նախադասություններ գլխավոր՝ գերադաս և երկրորդական՝ ստորադաս: Դրանք իրարից զանազանելու համար պիտի նախ և առաջ գտնել կախյալ, ստորադաս կապը նրանց միջև։ Ըստ որում, պետք է ցուցաբերվի երկու մոտեցում՝ տրամաբանական և ձևային–քերականական։ Տրամաբանականը խորապես առնչվում է անհատի (հետազոտողի) ըմբռնմանը, ունակությանը (լեզվական «հոտառությանը»), այսինքն՝ ելնելով նախադասության կազմիչ միավորների մտային հարաբերությունից՝ պիտի նա կարողանա գտնել գերադասի ու ստորադասի լրացական կապը։ Ձևային–քերականականն էլ այն է, երբ այդ հարաբերությունը ցուցադրվում է շաղկապական և հնչերանգային միջոցներով։ Ընդսմին, շաղկապական միջոցները, այսինքն՝ ստորադասական շաղկապները ու հարաբերական դերանունները, հանդես են գալիս երկրորդական նախադասությունների սկզբում՝ «հիշեցնելով» ասես ստորադասության առկայությունը: Շաղկապներն ու շաղկապական բառերը երբեմն էլ գործածվում են երկրորդականի «ներսում» (Արամը երբ հանդիպեց Գրիգորին, ես հանգստացա)[1]։ Երկրորդ՝ պիտի տարբերակել թե՛ այն հարաբերյալները, որոնք հաճախ առկա են լինում գլխավորի մեջ և թե՛ այն կտրուկ հնչերանգը, որ առկա է լինում գերադաս ու կախյալ նախադասությունների միջև, որը գրավոր խոսքում նշվում է բութով։ Այսպիսով՝ երկրորդականն այն նախադասությունն է, որ ինքնուրույն չի կարող գործածվել և ինքնուրույն գործածվողի (գլխավորի) լրացումն է՝ «ենթարկյալը», ստորադասը։

Գլխավոր նախադասությունն այդպիսին է՝ ամենից առաջ երկրորդական նախադասություն ունենալու պատճառով։ Գլխավոր են նույնիսկ այնպիսի նախադասությունները, որոնք բավականաչափ «մաշվել» են բանավոր խոսքում և մեկ կամ երկու բառերով են արտահայտվում, ինչպես, օրինակ՝ «Ափսո՜ս, որ նա չի հասկանում իր արժեքը»։ «Ախ, երանի՝ ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ»։ Մեկը թե. «Ուսուցիչ, մեզ չմոռանաս» (Ա. Բակունց)։ Գլխավոր նախադասությունները կարող են արտահայտվել նույնիսկ եղանակավորող բառերով և այլն։ Իհարկե, դա պայմանավորվում է խոսքային միջավայրով։ Այսպես, օրինակ՝

— Արտակ, տո՞ւն ես գնում արդեն։

Այո՛, որովհետև դասերն ավարտվել են։

Ես նրան խիստ հանդիմանեցի՝ ընկերոջ նկատմամբ անբարյացական լինելու պատճառով։ Մեկ էլ.

— Ինչո՞ւ ես միայն ինձ մեղադրում...

Դժվար չէ նկատել, որ սրանք գործածական են հատկապես բանավոր խոսքում և ընդհանրական չեն։ Առհասարակ նախադասության անդամների զեղչումը հատուկ է բանավոր խոսքին։

  1. Այսպիսի նախադասությունների գործածությունը հանձնարարելի չէ։