Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարտական ենք այն բոլորին, ում համար պայքարել ենք։
Սպասում էինք՝ գուցե հիմա՞ վերադառնա Արայիկը:
Հավատում եմ՝ կգաս ժամանակին ու կկատարես խոստումդ:
Գիրքը հանձնեցի նրան, ով իմ հայոց լեզվի ուսուցիչն է եղել:
Ծաղկեփունջը նվիրեցի բոլորին, ովքեր կանգնած էին բեմահարթակին:

Հանգման խնդրի տարատեսակ է դիտվում նաև, այսպես կոչված, շահի անուղղակի խնդիրը (Խնջույք կազմակերպեցինք նրանց պատվին, ովքեր հերոսացել էին պատերազմում: Ծաղիկները բերել էին նրա համար, ով մրցույթում աոաջին տեղն էր գրավել):

Անջատման խնդիր ստորադաս նախադասության դեպքում գերադաս նախադասության մեջ գերազանցապես լինում են ձևական անջատման խնդիր հարաբերյալներ` ցուցական դերանուններ։ Մնացած դեպքերում այդ պաշտոնը որոշվում է անջատման անուղղակի խնդիր պահանջող բայերի միջոցով։ Օրինակ՝ Հեռացիր նրանից, ով փոքրոգի է: Փախչում եմ այն ամենից, ինչ տեսել եմ հայրենադարձության ճանապարհին: Հեռանում եմ՝ չլինի՞ դարձյալ խանգարի ինձ:

Ի դեպ, կարող է զեղչված լինել նաև հարաբերյալը (Թոթափվիր՝ ինչից կարող ես: Բեռնաթափվիր, ինչը կարող է քեզ անհանգստացնել):

Միջոցի խնդրի դեպքում գերադաս նախադասության հարաբերյալը սովորաբար արտահայտվում է ցուցական դերանվան գործիական հոլովով է (սրանով, դրանով, նրանով, սրանցով, այն ամենով, այն բոլորով…)։ Արտակը հպարտանում էր այն ամենով, ինչ ուներ: Գրիր նրանով, ինչով կարող ես:

Պատահում է, որ զեղչվում է հարաբերյալը. Հյուրասիրեցի՝ ինչ կար մեր տանը: Փորում է՝ ինչով կարողանում է: Դժվար չէ նկատել, որ այս և մյուս դեպքում միջոցի անուղղակի խնդիրը պայմանավորվում է նաև գլխավորի բայ-ստորոգյալի բառիմաստով (խնդրառությամբ)։

Ներգործող.— Հայտնի է, որ այս խնդիրը հաճախ կոչվում է կրավորական սեռի, որովհետև գերազանցապես գործածվում է կրավորական սեռի բայերի հետ։ Ներգործող խնդիր ստորադաս նախադասությունը ցույց է տալիս այնպիսի իրողություն, որից գործողությունն անցնում է գերադասի ենթակային։ Ընդ որում, գերադասում գերազանցապես գործածվում են բացառական հոլովով դրված ձևական ներգործող խնդիր հարաբերյալներ՝ նրանից, նրանցից, նրանց կողմից և այլն։ Այդ հարաբերյալները երբեմն էլ դրվում են գործիական հոլովով՝ նրանով, նրանցով, այն ամենով և այլն։ Օրինակներ՝ Ուսուցիչը հարգվում է նրանց կողմից, ովքեր իր աշակերտներն են: Թշնամին պարտվեց նրանցից,