Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսքը: Նշենք նաև, որ ուղղակի խոսքը, բնականաբար, իր շարահյուսական պաշտոնով ուղիղ խնդիր է լինում, երբեմն էլ` ենթակա: Այսպես․ Ավ. Իսահակյանը ասել է. «Եթե մարդիկ իրար սիրեն-ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն...»: Ավ․ Իսահակյանի «Հիշատակարանում» գրված է․ «Եթե մարդիկ իրար սիրեն-ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն...»:

Ընդգծվածներից է ռաջինը ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն է, իսկ երկրորդը՝ ենթակա։ Բերված օրինակներից իսկ պարզ երևում է, որ ուղղակի խոսքն իր հերթին կարող է կազմված լինել գերադաս և ստորադաս նախադասություններից։ Այսպիսով՝ ուղղակի խոսքը ուղիղ խնդիր կամ ենթակա ստորադաս նախադասությունների շարահյուսական պաշտոններ կատարելով և իր հերթին բարդ ստորադասական նախադասություններ լինելով՝ ցուցաբերում է գերադաս ստորադաս նախադասությունների հարաբերություններ, որոնք վերլուծության ժամանակ էլ պետք է առանձնացվեն իրարից։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք «Ավելի շատ օգուտ կունենան, ավելի երջանիկ և լավ սրտով կապրեն» գերադաս և «Եթե մարդիկ իրար սիրեն» պայմանի պարագա ստորադաս նախադասությունների հետ։

Հասկանալի է, որ խոսողի ցանկությամբ թե՛ հեղինակի խոսքը և թե՛ ուղղակի խոսքը կարող են լինել շատ կարճ և շատ ծավալուն․ կարող են գործածվել նախադաս, միջադաս և վերջադաս շարադասությամբ՝ գործածվելով ոճական ու կետադրական զանազան դրսևորումներով։ Հեղինակի խոսքը և ուրիշի խոսքը գրավոր լեզվում արտահայտվում են համապատասխան կետադրական նշաններով։ Այսպես.

1. Եթե հեղինակի խոսքը նախադաս է, ապա դրանից հետո դրվում միջակետ, իսկ հաջորդող ուղղակի խոսքը, որպես հարաբերականորեն ինքնուրույն նախադասություն, գրվում է մեծատառով և առնվում է չակերտների մեջ։ Օրինակ Հ. Թումանյանը գրել է. «Գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար»:

2. Եթե հեղինակի խոսքն ընկնում է ուղղակի խոսքի մեջ՝ նմանվելով մի տեսակ միջանկյալ նախադասության, երկու կողմից բաժանվում է ստորակետ-գծով, իսկ ամբողջ խոսքն առնվում է չակերտների մեջ։ Օրինակ՝ «Գործն է անմահ, լավ իմացեք,— գրել է Հ. Թումանյանը,— Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով, Կապրի անվերջ, անդադար»:

3. Եթե հեղինակի խոսքը հանդես է գալիս ուղղակի խոսքի վերջում, բաժանվում է ստորակետ-գծով, իսկ ուղղակի խոսքն առնվում է չակերտների մեջ։ Օրինակ՝ «Գործն է անմահ, լավ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նրան, ով իր գործով Կապրի անվերջ, անդադար»,— գրել է Հ. Թումանյանը: