Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4. Եթե հեղինակի խոսքը իր ձևով հիմունքի պարագա է, ուղղակի խոսքից անջատվում է բութով։ Օրինակ` Ըստ մեր հեղինակի` «Մարդու մեջ ամեն ինչ պիտի գեղեցիկ լինի»:

Նման կետադրություն են ունենում նաև հեղինակի և ուղղակի խոսքերը՝ բացահայտիչ-բացահայտյալի կապակցություն լինելու դեպքում։ Օրինակ՝ Նա մեզ այս պատվիրանն էր սովորեցնում՝ «Կյանքում ձգտեք միշտ կատարյալին ու վեհին»: Իմաստուն խոսք է՝ «Մարդը մարդո՛վ է մարդ»:

Նշենք նաև, որ ինչպես ուղղակի, այնպես էլ հեղինակի խոսքը կարող է կառուցվածքային տեսակետից բազմազան լինել և արտահայտվել թե՛ պարզ և թե՛ բարդ նախադասություններով։

Երբեմն էլ (հատկապես բանավոր լեզվում) հեղինակի խոսքում զեղչվում են զանազան անդամներ, հատկապես՝ բայ-ստորոգյալները, որոնք, սակայն, մտքից հասկացվում և վերականգնվում են։ Օրինակ՝ Մեկը թե. «Ուսուցի՛չ,, մեզ չմոռանաս» (Ա. Բակունց)։ Մին էլ Ավագը թե՝ «Այ տղա, էն ո՞վ է...» (Հ. Թ.)։

Ընդգծված նախադասություններում զեղչված է «ասաց» բայը:

Խոսքը կենդանի ու հետաքրքրական դարձնելու համար ուղղակի խոսքը գործածվում է նաև երկախոսությամբ։ Երկախոսությունները գրվում են նոր տողից՝ գծիկով, նրանից հետո, եթե հեղինակի խոսքը շարունակվում է, դրվում է ստորակետ-գիծ։ Օրինակ՝

— Հայրի՛կ։

— Լսում եմ, որդի՛ս։

— Զբաղվա՞ծ ես։

— Ո՛չ:

— Գործ ունեմ քեզ հետ,— խոսքը մեղմեց Արտակը։

— Ասա՛, տղա՛ ջան,— ընդառաջ եկավ հայրը,— ի՞նչ է քեզ մտատանջում։

Հաճախ է պատահում, որ ուղղակի խոսքը շատ կարճ է լինում։ Մեկ բառ լինելու դեպքում այն անջատվում է բութով և առնվում չակերտների մեջ, գրվում փոքրատառով, իսկ երկու և ավելի բառերի դեպքում՝ ընդունված կարգով՝ միջակետ, չակերտ։ Օրինակ՝ Տղաները միաբերան հայտարարեցինք՝ «կգանք»: Ես թելադրում եմ «գրել», դու գրում ես՝ «կրել»: Այսպիսի ուղղակի խոսքը նոր տողից գծիկով գրելը ևս ճիշտ է։

Երբ թվում է, թե ուղղակի խոսքն ավարտվել է, սակայն դադարից հետո նորից շարունակվում է, այն հեղինակի խոսքից բաժանվում է վերջակետ-գծով և գրվում մեծատառով։ Օրինակ՝ «Դժվարությունները մեզ չպիտի վախեցնեն, ընկերնե՛ր,— ասաց Գրիգորյանը։— Կոմերիտականները ե՞րբ են վախեցել արգելքներից»: Կամ՝