Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Եվ հնամյա քաղաքների հազարամյա քա՜րն եմ սիրում։

Ուր է՜լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սու՜ր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՜ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Ե. Չարենց


ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՏՐՈՀՎՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ

* Խանդութը ջղայնացած դուրս գալով սենյակից՝ քայլերն ուղղեց դեպի մեծ համերգասրահ՝ վերանորոգումից շքեղացած ու առավել ակնապարար տեսք ընդունած։ Փողոցում, տարվելով զանազան մտքերով, ոչ ոքի չէր նայում, ասես անէացած էր աշխարհից ու շրջապատից։ Արդեն իջնում էր մթնշաղը՝ խորհրդավոր ու ծանրացած։ Գլուխը փոքր-ինչ վերև բռնած՝ Խանդութը մոտեցավ տոմսարկղին և խոսեց քթի տակ՝ ասես միայն իրեն լսելի. «Մեկ տոմս տվեք, խնդրեմ»։ Տոմսավաճառը՝ մի գեր ու հաճելի տիկին, շեշտակի նայեց Խանդութին՝ ասես ձգտելով ճանաչել դեռատի աղջկան՝ շիկնած ու մի քիչ էլ ամոթխած։ Զգալով անծանոթ կնոջ տրամադրությունը՝ Խանդութը թաքցրեց շիկնանքը և, առնելով պահանջված տոմսը, շտկվեց, լայն ու կլոր աչքերով կարդաց այն ու մոտեցավ մուտքի դռանը՝ հենվելով նրան, կարծես ինչ-որ մեկին սպասողի կեցվածքով։ Շեմքին, դռանն անմիջապես մոտ, համերգն սկսվելուց ընդամենը մեկ րոպե առաջ կանգնած էր Գագիկը՝ Խանդութի սիրո էակը՝ փոքր-ինչ մեղավոր ժպիտը դեմքին։ Այդ օրը, մայիսի 5-ին, ժամը 8-ին աղջիկն զգաց մի անմեկնելի զգացում՝ տաք ու սրբազան։ Հանկարծ սկսեց տրոփել սիրտը՝ վայրկյանում գուցե տաս-տասնհինգ անգամ։ Խանդութին գոնե այդպես թվաց։ Նրանք անխոս նայեցին իրար, ապա, ասես ինքնաբերաբար սեղմելով միմյանց ձեռքերը, բարձրացան համերգասրահ։

* Մի խումբ ընկերներ՝ Արտակը, Արմենը, Վարդանն ու Արտավազդը, որոշեցին դասերից հետո, գնալ «Ռոսիա»՝ դիտելու «Գիքոր» կինոնկարը։ Գնելով չորս տոմսակներ՝ նրանք բարձրացան կինոթատրոնի մեծ դահլիճը։ Այդ շքեղ կինոդահլիճը՝ վերակառուցված ժամանակակից ոճով ու ճաշակով, առաջին իսկ րոպեից ակնապարար մթնոլորտ ստեղծեց։