Թողել եմ ներքև, մեծ լեռան տակին,
Ե՛վ փառք, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ՝
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես,—
Տեսնում եմ նորից
Իմ լեռան ծերից՝
Էնպե՜ս հասարա՜կ, դատա՜րկ են էնպես…
Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լեռան ետև։
Թ. ԹՈԻՄԱՆՅԱՆ
ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆՑԻՆ՝
ԻՐ ՔԱՌԱՍՆԱՄՅԱԿԻՆԱյնտեղ ծնված ու մեծացած,
Ուր դարեվոր վըշտերն հայի
Ծանր ու մռայլ կան լեռնացած,
Ինչպես Մասիսն այն վիթխարի։
Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
Ազգի վերքերն ողբերգողին,
Քառասուն տարի ձեռքիդ գրիչ,
Անցար, բռնած նըրա ուղին։
Հայ գյուղացին ցավեր ուներ՝
Խեղդված իրեն խուլ խրճիթում,
Այն ցավերին լեզու տրվիր
Ու խոսեցիր ամեն սըրտում։
Այդ սրբազան գործի համար
Այժմ ահա, ծեր օրերիդ,
Մենք գալիս ենք երախտապարտ՝
Պըսակ դընել ալիքներիդ։
Եվ թող ապրի անմահ փառքով,
Ով որ ցավը թույլ թըշվառի
Կարեկցության հզոր խոսքով
Դարձնում է ցավն իր աշխարհի։
Հ. Թումանյան
Մըթնեց։ Ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորից բարևեց իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին։