Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկինքը մուգ»։ «Խոսում ես մեր սրտի խորքից»։ «Լսում էինք Կոմիտասի երգերը»։ Սա է թերևս այն հիմնական պատճառը, որ մի ժամանակ ենթական համարվել է ստորոգյալի «լրացումը»։ Ենթական ու ստորոգյալը համարվում են նախադասության գլխավոր անդամներ։ Նախ՝ ենթական, փիլիսոփայության «լեզվով» ասած, այն մատերիան է, որն ունի հատկանիշներ՝ փոփոխական և ոչ փոփոխական (կայուն)։ Ստորոգյալը նրա փոփոխական, «ընթացքային» հատկանիշն է։ Իսկ սա նշանակում էր որ ենթական ու ստորոգյալն իրարից անբաժան են, հետևաբար հավասարապես գլխավոր են, մանավանդ նրանք քերականության մեջ հանդես են գալիս համաձայնական կապակցությամբ: Երկրորդ՝ ենթական համարելով ստորոգյալի լրացումը, հանիրավի «գերապատվությունը» տալիս ենք ստորոգյալին։ Ասելով «ենթական ստորոգյալի լրացումն է»՝ նույն իրավունքով էլ կարելի է հակառակը պնդել, չէ՞ որ անձնական դերանուններով է պայմանավորված ստորոգյալի դեմքը (եթե, ասենք, գործածում ենք ես-ը, ապա ստորոգյալը պիտի գործածվի առաջին դեմքով, եզակի թվով...)[1]։ Երրորդ՝ բոլոր երկրորդական անդամները լրացնում են թե՛ ենթակային (գոյականական անդամ), թե՛ ստորոգյալին (բայական անդամ), մի հանգամանք, որ վկայում է երկու գլխավոր անդամների հավասարազոր գոյությունը։

Այսուհանդերձ, նախադասության գլխավոր անդամներից ստորոգյալն ունի ավելի լայն «մենաշնորհ», որովհետև ամեն մի ստորոգյալ (նյութական դիմավոր բայ) միայնակ նախադասություն է կազմում (Պատմեցի։ Երգելու էի։), իսկ ենթական՝ ոչ։ Ավելի՛ն. կան անենթակա նախադասություններ, որտեղ, ինչպես գիտենք, ստորոգյալը կա, բայց ենթական՝ ոչ։ Ենթական կարող է արտահայտվել երկրորդական նախադասությամբ ևս, մինչդեռ ստորոգյալը՝ ոչ։ Ենթական կարող է լինել կողմնակի (Արամի հայտնվելը, Արևը ծագելուն պես...), մինչդեռ ստորոգյալը՝ ոչ։ Այս բոլորը, սակայն, չեն ազդում ենթակայի և ստորոգյալի գլխավոր անդամներ լինելուն։

ԵՆԹԱԿԱ

Իր անունը թերևս ստացել է ստորոգյալին «ենթակա լինելու», այսինքն՝ նրա հետ համաձայնելու պատճառով։ Չնայած այդպիսի «ենթակայությունը»՝ նա գործողության «տերն» է։ Ենթական ցույց է տալիս այն առարկան, որին վերագրվում է մի հատկանիշ (փոփոխական և այլն)։ Ենթակա կարող են լինել անձերը և իրեր, առարկայական

  1. Սա ակնբախորեն ապացուցվում է, ասենք, ռուսերենի օրինակով. Он пошел. Она пошла. Оно поеходило.