Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադիր են լինում՝ պատասխանելով գոյականի ու ածականի հարցերին։

Բոլոր այն դեպքերում, երբ էական կամ վերացական բայերի հետ գործածվող բառը ոչ թե առարկա կամ հատկանիշ է ցույց տալիս, այլ հանդես է գալիս խնդիրների և պարագաների գործառույթով, բայական անդամի լրացում է լինում։

Օրինակ՝

  1. Արտավազդը քաղաքում է:
  2. Դուք ինչպե՞ս եք:
  3. Գետի ընթացքը շատ դանդաղ է:
  4. Ժողովը երեկ էր։
  5. Ձմերուկը երեք տոննա է կշռում։
  6. Հայրս աշխատանքի է:
  7. Ամեն ինչ մեզ մոտ օրենքով է։
  8. Հնում շատ անախորժությունները պակասությունից էին լինում։
  9. Զինվորը միշտ իր ընկերների հետ էր։

Ընդգծվածներն ըստ կարգի տեղի, ձևի ժամանակի, չափի, նպատակի, հիմունքի, պատճառի, միասնության պարագաներ են, որովհետև «ընդհանուր ստորոգյալի» (էական կամ վերացական բայի) լրացումներ են, ունեն իրենց որոշակի հարցը, լիովին համապատասխանում, իրար «ծածկում են» ձևաբանականն ու շարահյուսականը։ Ճիշտ այսպես էլ զանազան քերականական հարաբերություններ արտահայտող կապեր, հանդես գալով այլևայլ բառերի հետ, այս կամ այն շարահյուսական պաշտոնն են կատարում։ Այսպես. Սուրենն ինձ մոտ է (տեղի պարագա)։ Ես ընկերներիս հետ էի (միասնության պարագա), Խնջույքը հաղթանակի առթիվ էր (հիմունքի պարագա), Կռիվը քո պատճառով էր (պատճառի պարագա) և այլն։

Իսկևիսկ պարագաների նման կաոող են գործածվել նաև զանազան անուղղակի խնդիրներ, որոնք, սակայն, համեմատաբար սակավ կիրառություններ ունեն։ Այսպես. Այս գիրքը քեզ համար է (շահի անուղղակի խնդիր), նրա զայրույթը քո դեմ է (հանգման անուղղակի խնդիր), Բարձրացող գոլորշին հողի վերին շերտից է լինում (անջատման անուղղակի խնդիր)։ Հարվածը եղել է բութ գործիքով (միջոցի անուղղակի խնդիր)։ Այս նվերն էլ մեր կոլեկտիվի կողմից է (ներգործող անուղղակի խնդիր)...

Կարծում ենք, որ այսպիսի կառուցվածքները ժողովրդախոսակցական լեզվից են թափանցել գրավոր խոսք։ Այդ են վկայում նաև այդպիսի կառույցների համանիշ նախադասությունները, ինչպես, օրինակ՝ Այս գիրքը քեզ համար է գնված, նրա զայրույթը դեմ է ուղղված և այլն։ Հավանաբար բանավոր խոսքում զեղչվել են համապատախան բայ-ստորոգյալները, որոնց փոխարինել են էական կամ վերացական