Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարզ է, որ առաջին խմբի օրինակներում ընդգծված կառույցները բաղադրյալ ստորոգյալներ են, իսկ երկրորդ խմբի օրինակները՝ պարզ ստորոգյալներ։ Առաջին խմբի օրինակներում ընդգծված բաղադրյալ ստորոգյալներում առկա բայերը կոչվում են վերացական, որովհետև ոչ թե իրենց բուն, այլ ընդհանուր նշանակությամբ են գործածվում. այլ բան է, օրինակ, գնահատականը նշանակվեց, բոլորովին ուրիշ է Սուրենը նշանակվեց բյուրոյի քարտուղար...

Ինչպես հայտնի է, վերացական բայերի դերով կարող են հանդես գալ նաև մի շարք ներգործական սեռի բայեր, ինչպես՝ նա քեզ վատ մասնագետ չի համարում։ Պրոֆեսորը Արտակին բժիշկ դարձրեց և այլն: Ընդգծված բառերը ոչ թե ուղիղ խնդիր են, այլ՝ ստորոգելիական վերադիր։ Դրանում կարելի է համոզվել՝ վերոհիշյալ նախադասությունները կրավորական կառուցվածքով փոխարինելով, ինչպես՝ Դու նրա կողմից վատ մասնագետ չես համարվում, Արտակը պրոֆեսորի կողմից (շնորհիվ) բժիշկ նշանակվեց։ Ավելացնենք նաև, որ ինչպես օժանդակ, այնպես էլ իբրև հանգույց գործածվող բայերը կարող են զեղչվել (նա գրում է, լսում, մտածում)։ Հակադրական հարաբերության դեպքում զեղչված միավորի փոխարեն նշանակվում է բութ. Ես խոսում եմ, իսկ դու՝ լսում, Արմենը բժիշկ է, իսկ Վահանը՝ նկարիչ: «Արարատ» թիմը՝ ՍՍՀՄ-ի գավաթակիր:

ԲԱՅԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՅԱԼ ԿԱՄ ԲԱՐԴ ՍՏՈՐՈԳՅԱԼ

Բայական բաղադրյալ կամ բարդ է կոչվում այն ստորոգյալը, որը կազմված է անորոշ դերբայից և եղանակիչ բայից։ Եղանակիչ բայերն իրո՛ք որ գործածվում են եղանակավոր-ոճական նրբերանգներով և ոչ թե նյութական-բայական ինքնուրույն իմաստով ու դերով՝ ստեղծելով մի յուրահատուկ շարահյուսական կառույց, ինչպես՝ սկսում է խոսել, պատրաստվում է գնալ, դժվարանում եմ ասել, հարկադրված եմ լսել, ուզում է ասել, պարտավոր է պահել, ի վիճակի չէ գնալ, համարձակվում է ելույթ ունենալ, ձգտում է հասնել...

Սրանք միօրինակ չեն և կարող են ըստ բայական սեռի և կերպաեղանակիչ միավորի՝ խոսքամասային արժեքի, ենթատեսակների բաժանվել։ Այսպես.

ա) Կան ներգործական սեռի բայից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ ուզում է լսել, ցանկանում է գրել և այլն։ Այսպիսի կառուցվածքները նույնիսկ կարելի է շարահյուսորեն բաժանել, ասենք՝ ուզում է՝ ստորոգյալ, լսել՝ ուղիղ խնդիր... Այնպես որ, այս կաղապարը բաղադրյալ (բարդ) ստորոգյալ համարելը կարծես