Jump to content

Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայմանական է դառնում կամ, համենայն դեպս, բավականին տարբերվում է մյուս տեսակներից։

բ) Կան չեզոք կամ կրավորաձև չեզոք սեռի բայերից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ համարձակվում է խոսել, ստիպված է լսել, հարկադրված է պատմել, դժվարանում է քայլել և այլն։

գ) Կան նաև ածականից, էական բայից և անորոշ դերբայից կազմված ստորոգյալներ, ինչպես՝ պարտավոր է ասել, անհրաժեշտ է նշել, անկարելի է նստել, կարող է խոսել...

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Նախադասության գլխավոր անդամներին ստորադասվող, լրացնող անդամները կոչվում են երկրորդական (երկրորդական են նաև, որովհետև դրանք ինքնուրույնաբար նախադասություններ կազմել չեն կարող)։ Երկրորդական անդամները լինում են գոյականական անդամի և բայական անդամի լրացումներ։ Սրանք ունեն քերականական լուրջ տարբերություններ։ Նախ՝ ճիշտ չէ ասել «ենթակայի լրացում», որովհետև ենթական կարող է արտահայտվել նաև դերանուններով (հատկապես՝ անձնական) ու ինքնանվանողական փոխանվանական այլևայլ միավորներով (Եվ-ը շաղկապ է, իրոք-ը եղանակավորող բառ է), որոնք, ասենք, որոշիչ, հատկացուցիչ կա՛մ բնավ չեն ընդունում, կա՛մ սովորական չեն դրանց մի մասի որոշիչ-որոշյալ, հատկացուցիչ-հատկացյալ կապակցությունները։

Երկրորդ՝ որոշիչ, հատկացուցիչ կարող է ունենալ ոչ միայն ենթական, այլև գոյականով արտահայտված ամեն մի անդամ։ Օրինակ՝ Կանաչ դաշտի ծաղիկը բուրավետ է, Կանաչ դաշտին մոտեցանք, Կանաչ դաշտ մտավ մեքենան, Կանաչ դաշտը հնձեցինք... Բոլոր նախադասություններում էլ կանաչ-ը դաշտ գոյականի լրացումն է, որը կատարում է զանազան պաշտոններ։ Ուրեմն՝ սխալ է ասել «ենթակայի լրացում»: Սխալ է ասել նաև «ստորոգյալի լրացում», որովհետև նախ` բայական անդամի լրացումները` պարագաները և խնդիրները, կարող են լինել նաև զանազան դերբայների լրացումներ, դերբայներ, որոնք իրենք կարող են այլևայլ լրացումների պաշտոն ունենալ, և ապա` բաղադրյալ ստորոգյալի վերադիրը, արտահայտված լինելով գոյականով, կարող է ունենալ գոյականին հատուկ լրացումներ (Գևորգը բարեխիղճ մարդ է): Այստեղ բարեխիղճ—ը, պարզ է, ոչ թե ստորոգյալի, այլ գոյական անդամի լրացում է՝ որոշիչ։