Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ
Որոշիչ

Գոյականով արտահայտված այս կամ այն անդամի ով, ինչպիսին և ինչքան լինելը ցույց տվող բառերը կոչվում են որոշիչներ։ Սա նշանակում է`որոշիչը գոյականը տարբեր կողմերից բացահայտող, լրացնող, որոշող անդամն է։ Ընդ որում, գոյականի ով կամ ինչ լինելը ցույց տվող բառերն առարկայի էությունը բացահայտող որոշիչներ են, իսկ ինչպիսին ու ինչքան լինելը ցույց տվողները՝ առարկայի տարբեր հատկությունները որոշողներ։ Օրինակներ՝ Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը համաշխարհային հռչակ է վայելում։ Հայաստանի մայրաքաղաք Երևանը զարգանում է հեքիաթային մանկան պես։ 1980 թվականին Երևանում բնակվում էր ավելի քան 1 միլիոն մարդ։ Ուսուցիչ Գրիգորյանը բժիշկ Արամյանի մերձավոր ընկերն է։ Գեղեցիկ ծաղիկները գույնզգույն թիթեռնիկների նման փայլփլում են. զմրուխտե դաշտում։ Սովետական ժողովուրդը այնքա՜ն ուժ է գործադրել հանուն կայուն խաղաղության։ Աշխարհում 5 միլիարդ մարդ է ապրում։

Որոշիչ ունեցող գոյականները կոչվում են որոշյալ (որոշվող)։

Որոշիչները շատ սերտ կապ ունեն հատկանիշ ցույց տվող բառերի (խոսքի մասերի) հետ։ Իսկ սա նշանակում է, որ որոշչի պաշտոնով առաջին հերթին կարող են գործածվել ածականը, թվականը և առարկայի չտարբերակված հատկանիշ դրսևորող դերանունները: «Երկրորդ» տեղում են գոյականները, հարակատար, ենթակայական, անորոշ (սեռականը), ապառնի երկրորդ դերբայները[1], մասամբ էլ՝ մակբայը։ Որոշիշը պատասխանում է ո՞ր, ինչպիսի՞, ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞, ո՞րերորդ հարցերին։ Եվ այսպես, որոշիչն արտահայտվում է՝

ա) Ածականով՝ «Ճերմակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց»:

«Աշնան մշուշում՝ շշուկ ու շրշյուն,
- Բարդիներն են բաց, պատուհանիս տակ»... (Վ. Տ.)

...Ոսկե երազ տեսա...

բ) Թվականով՝ Հազար կրակ կա իմ սրտում, հազար սեր։

Ինչքա՜ն քնքուշ էիր դու, իմ առաջին սեր։

գ) Դերանվամբ. Այդ օրը նա բնավ չխոսեց։ «Ինչքան ցավ եմ տեսել ես»...(Հ. Թ.) «Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան»... (Հ.Հ.) «...Նայում էր քեզ ողջ գյուղը կանգնած» (Հ. Թ.)։

Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է։

Ոչ մի մարդ այս աշխարհից դեռ չի ձանձրացել։

  1. Երկրորդ ապառնի կոչվածը արդեն զրկվում է բայական հատկանիշներից, այն գոյական է և ածական, բայց տակավին պահում է սեռի կարգը մի շարք ձևերում: