Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անջատվում են բութով։ Նախադասության ներսում հանդես գալու դեպքում դարձյալ վերջադաս են, որովհետև դրվում են իրենց որոշիչներից հետո (Եվ այդ ժողովուրդը՝ դարերի ընթացքում ծեծված ու հարստահարված, իրեն փառքով պսակեց)։ Ընդգծվածը երկկողմյա ստորակետով բաժանելը կետադրության միօրինակության խախտում է․ նրա միջադաս գործածության տպավորությունը հետևանք է այդ կապակցության՝ հնարավոր ներդրյալ գործածության։ Օրինակ՝ Այդ արվեստը (աչքի նման պարզ ու աչքի նման բարդ) գերել էր մեզ։ Ի դեպ, որոշիչը կարող է բացահայտիչ ունենալ։ Օրինակ՝ Նոր՝ սովետական կարգը և հին՝ կապիտալիստական կացութաձևը անհամատեղելի են։


Հատկացուցիչ

Գոյական անդամի պատկանելությունը, հատկացումը, սերում-ծագումը և վերաբերությունը ցույց տվող բառերը կոչվում են հատկացուցիչ։ Օրինակի՝ տաճարի քարեր կապակցության մեջ պատկանելություն-վերաբերություն է ցույց տալիս տաճարի բառը, որը լրացնում է քարերը հատկացյալ գոյականին։ Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ (պիոների, Արամի) և ինչի՞ (ծառի, շենքի) հարցերին ու դրվում է սեռական, հոլովով։ Հատկացուցիչը, քանի որ դրվում է սեռականով, նշանակում է սերտ կապ ունի գոյականի, նրան փոխարինող և գոյականաբար գործածվող միավորների հետ։ Մյուս կողմից հարաբերական ածականները ևս, ի թիվս այլ հատկանիշների, ցույց են տալիս նաև վերաբերություն ու հատկացում՝ դրանով իսկ առնչվելով հատկացուցիչին։ Ինչ խոսք, սա իմաստային ընդհանրություն է և ոչ թե քերականական։