Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրինական՝ պետական սեփականություն և պետության սեփականություն, ուսուցչի տուն և ուսուցչական տուն, կոմունիստի վերաբերմունք և կոմունիստական վերաբերմունք... Տարբերակումը կատարվում է ձևաբանական-քերականական հիմունքներով և ոչ բնավ իմաստային, մասամբ էլ՝ շարահյուսական, որովհետև երբեմն էլ սեռականով դրված բառը հատկացուցչին զուգահեռ նաև որոշչական հատկանիշ է ցուցաբերում (աշնան արև, շաքարի ճակնդեղ, պարտքի զգացում...)։ Նշենք, որ որոշիչներն ու հատկացուցիչները ունեն շփման եզրեր։ Նախ դրանք գոյականի լրացումներ են։ Երկրորդ՝ որոշիչը կարող է դրսևորվել նաև որոշ թեք հոլովաձևերով, այդ թվում և՝ սեռականով, որը, ինչպես հայտնի է, շեշտված ստացականություն է արտահայտում։ Տարբերակումը կատարվում է մի քանի հիմունքներով՝

1. Հարցով. կասկածվող բառին հարց է տրվում, ընդ որում, որոշչին՝ ո՞ր, ինչպիսի..., հատկացուցչին՝ ինչի՞:

2. Փոխարկման եղանակով, ինչպես շաքարի-շաքարային, աշնան-աշնանային, սեփականատիրոջ մտածողություն-սեփականատիրական մտածողություն։

3. Կրկին փոխարկման եղանակի կիրառմամբ. ասենք, հատկացուցչի հատկացյալը այլ բառերով փոխարինելով. հմմտ. աղբյուրի ջուր, աղբյուրի ակ, սեղանի գինի, սեղանի ոտք, պատի ժամացույց, պատի ծեփ, ձեռքի մեքենա, ձեռքի մատը, լեռան ծաղիկ, լեռան ապարը, թոնրի հաց, թոնրի շուրթը և այլն։

4. Կապակցությունների բառային, խոսքային շրջապատի հաշվառումով. տվյալ բնադրում ի՞նչն է ընդգծված՝ որա՞կը, թե՞ հատկացումը։

Հատկացուցիչը սովորաբար հանդես է գալիս հատկացյալից նախադաս շարադասությամբ (կամքի ուժը, Գառնիի վեմերը, աղջկա մազերը), բայց չափածոյում, մանավանդ ոճական նրբերանգների ու բանաստեղծական ոտքի «պահանջով», կարող է նաև գործածվել ետադաս (ծաղիկը սարի, ռիթմը պարի, հոգին աղջկա)։

Հատկացուցիչը սերտորեն կապված է իր հատկացյալի հետ. չնայած դրան, ինչպես որոշիչը, այնպես էլ հատկացուցիչը կարող են հեռանալ իրենց լրացյալներից ոճական նկատառումներով և այն պատճառով, որ նախադասության միտքը չխաթարվի։ Այսպես. ծրագրի՝ այդ հոդվածին առնչվող բաժինը հստակ չէր շարադրված։ Չարենցի՝ 20- ական թվականների ստեղծագործություններում երևում են տատանումներ ու սայթաքումներ։

Հատկացուցիչն արտահայտվում է՝

1. Գոյականով. Մոր սերը սահման չունի։ Երևանի բնակչությունը մեկ միլիոնից ավելի է արդեն։ Սուրենի տղան իմ ընկերն է։