Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. Դու` Վարդան Գրիգորյանդ, և նրանք՝ Արամ և Աշոտ Գասպարյանները, պիտի մեկնեք Մոսկվա, ժողտնտեսության նվաճումների ցուցահանդես։

2. Հաղթողները՝ Անահիտը, Գոհարը և Կարինեն, դիպլոմներ ստացան։

3. Մեր առաջավոր կոմերիտականներին՝ Գագիկին, Սուրենին ու Ատոմին, այս տարի ուղարկելու են Հունգարիա։

Բացահայտիչն արտահայտվում է գոյականով, դերանունով և գոյականաբար գործածվող բառերով։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ, մասնավորեցնող բացահայտիչ:

Բուն բացահայտիչը գերազանցապես գործածվում է ետադաս և դեմքով, թվով, հոլովով համաձայնում է բացահայտյալին՝ վերջինիցս անջատվելով բութով, իսկ նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (բացի սեռական հոլովաձևով կամ սեռականով ու կապով գործածվողներից)։ Օրինակ՝ Եղբայրս՝ Վարդանը, հարգված է շրջապատի կողմից։ Եղբորս՝ Վահանի աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն (Եղբորս՝ Վահանի մասին բոլորը գովեստով են խոսում), Եղբորս՝ Վահանին, մեր գործարանում շատ են սիրում։ Եղբորս՝ Վահանին, այսօր պարգևատրեցին պատվոգրով։ Եղբորիցս՝ Վահանից, բոլոր գործընկերները գոհ են։ Եղբորովս՝ Վահանով, մենք իրո՛ք հպարտանում ենք։

Բացահայտիչը բացահայտյալի հետ երբեմն էլ կապվում է այսինքն, այն է և մասամբ իմա՛ շաղկապներով, որոնք նախադասության մյուս անդամներից անջատվում են ստորակետով և բութով։ Օրինակ՝ Գամառ-Քաթիպան, այսինքն՝ Ռ. Պատկանյանը, իր ժամանակի անվանի մարդկանցից մեկն էր: Նա որոշել է հասնել իր նպատակին, այն է՝ դառնալ վիրաբույժ: Ալեքսանդր Մովսիսյանը. իմա՛ Շիրվանզադեն, հայ քննադատական ոեալիզմի խոշոր դեմքերից է:

Մասնական բացահայտիչը բացահայտյալի իմաստը պարզաբանում է ոչ լրիվ, այսինքն՝ մասնակիորեն ու բացահայտյալի հետ կապվում է որպես, իբրև (մասամբ՝ ինչպես) կապերով և ունի առաջադաս, միջադաս ու ետադաս շարադասություն։ Ընդ որում՝ առաջադաս և ետադաս բացահայտիչները, շնորհիվ իրենց կտրուկ հնչերանգի, նախադասության մյուս անդամներից անջատվում են բութով, իսկ միջադասը՝ երկկողմյա ստորակետով։ Օրինակ՝ Որպես հայ ազգային հերոս՝ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել։ Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ազգային հերոս, պաշտամունք է դարձել։ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել՝ որպես հայ ազգային հերոս:

Այսպիսի բացահայտիչը նախադասության այլ անդամներից տարբերելու համար պիտի բուն բացահայտիչ դարձնել։ Եթե չի դառնում,