Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրեմն` մասնական բացահայտիչ չէ։ Մեր բերած օրինակում, իհարկե, դառնում է Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ազգային հերոս, պաշտամունք է դարձել կամ Վարդան Մամիկոնյանը հայ ազգային հերոսը, պաշտամունք է դարձել։

Մասնավորեցնող բացահայտիչը պարզաբանում է տեղի և ժամանակի պարագաների իմաստը և նախադասության մյուս անդամներից անջատվում ստորակետով։ Օրինակ՝

Ես քեզ կսպասեմ Երևանում, Լենինի անվան հրապարակում, յոթ աղբյուրի մոտ: Այս տարի, մայիսի մեկին, երեկոյան ժամը 9-ին, հրետանային համազարկերից ասես նորովի էր գեղեցկացել Երևանը:

Ի դեպ, տեղի ու ժամանակի պարագաներն էլ կարող են ունենալ բուն բացահայտիչներ, եթե բացահայտվում են ամբողջ ծավալով, Օրինակ՝ Մայիսի 9-ին՝ մեծ հաղթանակի օրը, շքերթի էին ելել բոլոր աշխատավորները։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մեր երկրում հանդիսավոր նիստեր են գումարվում։

Բացահայտիչը կարող է լինել նաև բազմակի։ Օրինակ՝ Սայաթ-Նովան ոչ միայն մեր հայերիս՝ մեծ երգչին ծնող ժողովրդի. այլև նրա սիրած եղբայր ժողովուրդների՝ Անդրկովկասի տառապյալ ազգերի՝ վրացիների, ադրբեջանցիների պարծանքն է։ Հայ գրերի հանճարեղ գյուտարարը՝ Մեսրոպ Մաշտոցը՝ մեր աոաջին ուսուցիչն ու լեզվաբանը, թողել է սուրբ հիշատակ ու անմահացել։

Խրախուսելի չէ բազմակի բացահայտիչների գործածությունը։

Բացահայտչի ընդգրկման ոլորտները բավական լայն են։ Այն կարող է բացահայտել ոչ միայն գոյականով արտահայտված որևէ անդամի, այլև առարկայական իմաստ ունեցող զանազան բառերի, ինչպես, օրինակ՝ Ես՝ 1925 թվականից ՍՄԿԿ անդամ Վարդան Գրիգորյանս, ծնվել եմ 1903 թվականին։ Նոր՝ սովետական ապրելակերպը արմատապես տարբերվում է հին բուոժուական կացութաձևից։ Վերջին՝ տասներորդ դասարանում նա դարձյալ գերազանցիկ էր։ Ընկերները կատարեցին զինվորի վերջին կամքը՝ թաղել իրեն հայրենի բնօրրանում և այլն։

ԲԱՅԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Բայական անդամի լրացումները, պարզ է, քերականորեն առնչվում են բայի դիմավոր և անդեմ ձևերին, ինչպես նաև համապատասխան ածականներին ու մակբայներին. այն տարբերությամբ, սակայն, որ վերջիններիս վրա դրվելիս նրանք ինքնուրույնաբար չեն գնահատվում որպես նախադասության անդամ, այլ միասնաբար են ճանաչվում որպես բայական լրացում։ Բայական լրացումները երկուսն են՝ խնդիրներ