Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անձը կարող է գործածվել իրի առումով, իսկ իրը` անձի։ Նշանակում է, որ ինչպես էլ գործածվեն, դրանք հոլովվում են կա՛մ իրին, կա՛մ անձին հատուկ հոլովմամբ։ Այսպես. Հասմիկի համար բժիշկ (ինչ) կանչեցին: Շուշանն ունի 3 (ինչ) երեխա: Նոր (ինչ) հիվանդ են բերել հոսպիտալ: Բայց՝ Հասմիկը գուրգուրում է իր տիկնիկին: Գյուղացին ծեծեց իր ձիուն: Որսորդը եղնիկին վիրավորեց։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է՝

ա) Գոյականով (անձ, իր, որոշյալ, անորոշ, եզակի, հոգնակի, պարզ, բաղադրյալ)՝ Ես սիրում եմ մայրիկին: Նա փակեց դուռը: Տղաներին տարան բանակ: Նարինեն գիրք է կարդում։ Նա կրծքով պաշտպանեց քաղաքը՝ Կուրսկը: Նստածներից մի քանիսին հրավիրեցին նիստի։

բ) Անձնական, փոխադարձ, առարկայանիշ ցուցական, հարցահարաբերական, որոշյալ անորոշ, ժխտական դերանուններով. Աշոտը քեզ վիրավորե՞լ է։ Նա իրեն շատ է գովում։ Ես դա չեմ ուզում: Նրանք միմյանց պաշտպանում են։ Դուք ո՞ւմ եք ընտրել։ Կարենը ո՞րը վերցրեց։ Արամն ուրիշին է սիրում։ Նա ոչ ոքի չի տարել իր հետ։

գ) Գոյականաբար գործածվող բառերով (ածական, թվական, անորոշ, հարակատար, ենթակայական դերբայներ, ինչպես նաև ինքնանվանողական փոխանունությամբ գործածվող ամեն մի միավոր): Օրինակներ՝ Նա չի մոռացել պարելը: Մենք կորածը գտանք: Նրանք երգողին արդեն տարան իրենց հետ։ Ուղարկվելիքը տեղավորեցինք նկուղում։ Այժմ գրի՛ր «ա»: Ջնջի՛ր «խոսել»-ը և տեղը գրիր «նկարել»:

Ինչպես նախադասության բոլոր անդամները, այնպես էլ ուղիղ խնդիրը կարող է լինել մենանդամ և բազմանդամ. Երեխաները ծառ են տնկում։ Նա գնեց գիրք, մատիտ, տետր, գրիչ: Աշակերտներից մի քանիսին ուղարկեցի տուն։