Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(ժող)։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ինչպես օրինակներն են ցույց տալիս, միջոցի խնդիրները կարող են լինել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերի լրացումներ։ Ըստ այդմ էլ՝ մի դեպքում (ներգործական սեռ, ուղիղ խնդիր) մենք գործ ունենք խնդրառության, իսկ մյուս դեպքում առդրական կապակցության միջոցի հետ։ Օրինակ՝ Աշակերտն իր ձեոքի կավիճով գրատախտակին գրեց խնդիրն ու հեշտությամբ լուծեց: Այստեղ խնդիր բառը ներգործական սեռի բայի կրող առարկան է, մինչդեռ կավիճով, գրատախտակին, հեշտությամբ բառերը՝ միջոցի անուղղակի խնդիր, տեղի ու ձևի պարագաներ են։

ե) Ներգործող. ցույց է տալիս այն առարկան, որի կողմից, ներգործմամբ կամ ազդեցությամբ կատարվում է գործողությունը։ Ի տարբերություն ներգործական սեռի բայերի կրող խնդրի, կրավորականի խնդիրը կոչվում է ներգործող՝ դրվելով հիմնականում բացառական ու գործիական հոլովներով։ Օրինակներ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից: Ուսուցիչը հարգվում է աշակերտներից: Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով: «Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով» (Հ. Հակոբյան)։

Ներգործող անուղղակի խնդիրներն իրենց «բնույթի»՝ իմաստի շնորհիվ կարող են դառնալ նաև չեզոք սեռի (կամ կրավորաձև չեզոք) բայերի լրացումը՝ Երեխան քաշվում է իր հորից: Աշակերտը ամաչում է ուսուցչից:

գ) Վերաբերության. ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Դրվում է բացառական հոլովով (կամ սեռական ու կապի միջոցով)։ Օրինակներ՝ Աշակերտները խոսում էին կինոյից: Ծերունիները պատմում են պատերազմից: Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին: Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք դիրեկտորին։

Դժվար չէ նկատել, որ այդպիսի բայերը ասացական-իմացական, դատողական-մտածողական բնույթի (ասել, հայտնել, բամբասել, մտածել, դատել, խոսել, լսել, պատմել, կարծիք հայտնել, նշել, ընդգծել, կանգ առնել...) բայեր են, որոնք, սակայն, հավասարապես կարող են պահանջել նաև գործողության ուղղակի՝ կրող առարկա։ Օր՝ նա պատմում է ի՞նչ (ուղիղ խնդիր), ինչի՞ մասին (վերաբ. ան. խնդ.)։ Տղան հայտնեց լուրը և՝ Տղան հայտնեց կատարվածի մասին:

Այսուհանդերձ, սրանք տարբերակվում են կոնկրետ խոսքում (օր.՝ զրուցել, բամբասել, խորհրդակցել, խոսել, մտածել, դատել և ուրիշ բայեր հիմնականում վերաբերության խնդիր են առնում, քան ուղիղ)։

Ցուցական մի քանի դերանուններ վերաբերական հարաբերություն